«Պիոներ Պալատի» մոտ վիճաբանել են. Աբովյանում 16-ամյա 2 տղայի դանակահարելու մեղադրանքով ձերբակալվել է նրանց հասակակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննություն է իրականացվում պարզելու Աբովյան քաղաքում 2 անչափահասների դանակահարության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«Այսպես, 2023 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:24-ին, «Աբովյան» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել երկու երիտասարդներ՝ կտրած-ծակած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 16 ամյա տղաները հիշյալ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Պիոներ Պալատի» մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես պարզվել է, որ անձնական հարցեր պարզաբանելու նպատակով մի խումբ անձինք՝ 16-ամյա Վ.Ս.-ն ինքնությունները պարզված 3 անչափասների, 16-ամյա Ա.Մ.-ն և Ա.Հ.-ն ինքությունը պարզված ևս մեկ անչափահասի և ինքնությունները դեռևս չպարզված 3 այլ անձանց հետ գնացել են Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտակայք։ Այնտեղ ծագած վիճաբանության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում էլ Վ.Ս.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածնել է հասցրել Ա.Մ.-ին և Ա.Հ.-ին՝ վերջիններիս առողջությանը պառճառելով ծանր վնաս:

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 14:30-ին, Վ.Ս.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 16-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (երկու դրվագ) նախատեսված հանցանք կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերևույթ խուլիգանություն կատարած անձանց բոլորի ինքնություները պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու, մարմնական վնասվածքները հասցնելու բոլոր հանգամանքները համակողմանի և անաչառ քննությամբ պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս