Պարենի համաշխարհային գները հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել են 10,9 %-ով․ ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարենի համաշխարհային գները հոկտեմբերին 2022 թ․ նույն ամսվա համեմատ նվազել են գրեթե 11 %-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0,5%-ով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած տվյալները (ՄԱԿ ՊԳԿ):

ՄԱԿ ՊԳԿ-ի գների ինդեքսը, որն արտացոլում է սննդի համաշխարհային գների ամսական փոփոխությունները, հոկտեմբերին կազմել է 120,6 կետ՝ նախորդ տարվա հոկտեմբերից 10,9%-ով պակաս։

Սեպտեմբերի համեմատ աննշան նվազումն արտացոլվում է շաքարավազի, հացահատիկի, բուսական յուղերի և մսի գների ինդեքսներում, իսկ կաթնամթերքի գների ինդեքսը, հակառակը, աճել է։

Հացահատիկի գների ինդեքսը հոկտեմբերին 1%-ով ցածր է եղել սեպտեմբերի ցուցանիշից։ Բրնձի համաշխարհային գները նվազել են 2 %-ով։Ցորենի համաշխարհային գները նվազել են 1,9 %-ով՝ ԱՄՆ-ից սպասվածից ավելի բարձր մատակարարումների, ինչպես նաև արտահանողների միջև մրցակցության կտրուկ աճի պատճառով:

Բուսական յուղերի գների ինդեքսը սեպտեմբերի համեմատ նվազել է 0,7 %-ով՝ պայմանավորված արմավենու յուղի գների նվազմամբ։ Սակայն սոյայի յուղի գինը բարձրացել է՝ բիոդիզելի ոլորտում մեծ պահանջարկի պատճառով։

Շաքարավազի գների ինդեքսը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել է 2,2%-ով, սակայն, չնայած դրան, այն դեռ 46,6%-ով բարձր է 2022 թ․հոկտեմբերի մակարդակից։ Գների անկումը պայմանավորված է Բրազիլիայում արտադրության մեծ ծավալներով։

Մսի գների ինդեքսը ամսական կտրվածքով նվազել է 0,6%-ով։ Դա պայմանավորված է Արևելյան Ասիայից ներկրման պահանջարկի նվազմամբ։ Նվազել են հատկապես խոզի մսի համաշխարհային գները։

Եվ հակառակը, կաթնամթերքի գների ինդեքսը, որն ինն ամիս անընդմեջ նվազել էր, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 2,2 %-ով։ Հոկտեմբերին կաթի փոշու համաշխարհային գներն ամենամեծ աճն են գրանցել՝ պայմանավորված ներմուծման պահանջարկի աճով։




Լրահոս