«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը 2022 թվականի փետրվարին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ:
Հենց այսպես էլ, պաշտոնական դիրքի շնորհիվ, Բաբայանը հարստացել եւ մոռացել է անցյալը։ Երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, նա վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նրան տեսել են Rolls Royce մակնիշի մեքենայի ղեկին:
Հավելենք նաեւ, որ փոխմարզպետի պաշտոնը ստանձնելիս նրա ամսական եկամուտը կազմել է 150 հազար դրամ, որով դժվար թե նույնիսկ մեքենա գնել կարողանար, իսկ այսօր ցուցադրաբար վարում է գրեթե 30 մլն եւ ավելի արժողությամբ մեքենա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ եւ դրանից հետո շարունակաբար խոսում է այն մասին, թե այնպիսի խոշոր բիզնես ընկերությունը, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իրավունք չունի լինել քաղաքականացված կառույց՝ վստահեցնելով, որ դա վնասում է ինչպես հանրային, այնպես էլ բիզնես շահերին: Այդ խոսքերին զուգահեռ՝ կոմբինատի ղեկավար պաշտոններում եւ բաժնեմասերում ընդգրկվեցին ՔՊ-ականներ, ինչպիսիք են Նարեկ Բաբայանը, Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ Տիգրան Ավինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 2022 թվականին ստացել է 5 մլն 212 հազար դրամ։ Բաբայանի դեպքում ամեն ինչ այլ է. նա ոչնչից դարձավ Փաշինյանի մտերիմը եւ սիրելին, ապա գրավեց գայթակղիչ պաշտոնները։
Նկատենք, որ մարզպետի տեղակալ եղած ժամանակ մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացրել է Բաբայանը իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով․ օրինակ՝ բացել է «Նար-Ար» անվանումով ճանապարհաշինարարական ընկերություն։
Նրա մասին մյուս բացահայտումները՝ առաջիկայում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում