Մենք առաջարկի չենք սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես պիտի ասեմ, որ նմանատիպ հանդիպումներ Երևանի քաղաքապետարանում մեր խմբակցությունն ու «Բարգավաճ Հայաստանն» է ունենում»,- այսօր Armlur.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով այսօր Երևանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ-ի գրասենյակում ՀԱԿ-ԲՀԿ հանդիպմանը:

Նա մեկնաբանեց, որ հանդիպումն ընդամենը ձևական կողմն է, և հնարավոր կլինի ամեն ինչ գնահատել միայն այդ հանդիպման մանրամասներից հետո, եթե, իհարկե, համարում են հանրության հետ կապված խնդիր:

Armlur.am-ի թղթակցի հարցին, թե «Ժառանգությունն» առաջարկություն ստանալու դեպքում կմիանա այդ երկու ուժերին, Ստյոպա Սաֆարյանը հայտնեց, որ «Ժառանգության» տեսակետը, թերևս, արտացոլված է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ փետրվարի 18-ի ելույթում, որի ժամանակ խոսքը մինչև ապրիլ այս գարնան միասնական օրակարգի և միասնական հրապարակի ձևավորումն էր:

«Եթե որևէ մեկի համար հարազատ են Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթում հնչեցրած գնահատականները՝ անցած ընտրություններից մինչև ամբողջական իշխանափոխության հարցեր, ապա, անշուշտ, «Ժառանգությունը» կարող է դիտարկել համագործակցության հեռանկարները»,- նշեց Սաֆարյանը` ավելացնելով, որ «Ժառանգությունը» ոչ այնքան առաջարկի է սպասում, որքան՝ սպասում, որ 4 քաղաքական ուժերի ղեկավարները կնստեն մեկ սեղանի շուրջ և կձևակերպեն միասնական օրակարգը:




Լրահոս