Խիստ նկատողություններ, պաշտոնի իջեցումներ. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընկել է դատախազների հետեւից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում է, որ ընտրովի արդարադատության դրսեւորումները շարունակվում են, ու իրավապահներն այս կարեւոր գործը թողած չգիտես թե ուր են նայում։ Նկատում ենք, որ Գլխավոր դատախազությունն արդարադատության ոլորտում կարեւոր հարցերը,  իրավապահների կողմից ակնհայտ ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելը, ՔՊ-ականների կոռուպցիոն դրսեւորումների մասին աղաղակող փաստերը թողած ընկել է դատախազների հագուկապի կամ նրանց առանց հարգելի պատճառների բացակայելու դեպքերի հետեւից։

Երեկ դատախազությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման հիման վրա՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այս մասին ասված է տեղեկացնում են Դատախազությունից:

«Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները: Մասնավորապես՝ աշխատանքային ժամերին, պարբերաբար, առանց հարգելի պատճառների, բացակայել է աշխատանքի վայրից:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հոկտեմբերի 30-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ հաստատվել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ի հրամանով՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 31-ին հերթական նման հայտարարությունը արեց դատախազությունը։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման հիման վրա՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, նույնաբնույթ արարքների կատարման համար «խիստ նկատողություն» ստանալուց հետո, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:

Մասնավորապես՝ դատախազը պարբերաբար՝ առանց հարգելի պատճառի, բացակայել է աշխատավայրից, դատական նիստերին ներկայացել է ոչ պատշաճ հագուստով:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ հաստատվել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի հոկտեմբերի 30-ի հրամանով՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ։

Քնար Մանուկյան




Լրահոս