
Նոյեմբերի 3-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմային:
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է.
«Ուրախ եմ այսօր հանդիպել Ձեզ և շնորհակալ եմ այն աջակցության համար, որը ցուցաբերում է մեր բարեկամ Էստոնիան: Մենք այս դժվար օրերին այդ աջակցությունը շատ բարձր ենք գնահատում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մատի Ռայդման շեշտել է, որ իր այցելությունը Հայաստան միտված է ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակական զարգացման մեծ ներուժ ունեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ և Եվրամիության հարթակում առկա սերտ համագործակցության հետագա խթանման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների կողմից խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ուղղված ջանքերը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու և նրանց հումանիտար և սոցիալական խնդիրները լուծելուն միտված ծրագրերի վերաբերյալ: