Ինչ առաջարկներ է արել Մոսկվան՝ նախքան ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. ՌԴ ԱԳՆ-ն մանրամասնել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանը կվավերացներ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը, Մոսկվան այն շրջանցելու առաջարկություն էր ներկայացրել Երևանին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանում՝ արված Lenta.ru-ի հարցմանը։

Հարցումը վերաբերում էր Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությանը։ Նրա խոսքով, Հռոմի ստատուտի վավերացումից մի քանի ամիս առաջ Երևանը Մոսկվային առաջարկել է ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս շրջանցել կանոնադրության պահանջները, սակայն, պատասխան չի ստացել։

«Դա չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։ Նրանք հայտնել են, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։

«Երկկողմ խորհրդակցությունների ժամանակ ռուսական կողմը ի պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով՝ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու։ Նման պրակտիկա կա. Ցավոք, մեր փոխզիջումային լուծումներն անտեսվեցին»,-այսպես է նշված ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանում:

ԱԳՆ-ն նաև դժգոհել է, թե Երևանը «զուտ քաղաքական նկատառումներով» է որոշել վավերացնել ստատուտը։

«Եթե Երևանը շարունակում է շահագրգռված մնալ իր իսկ ձեռքով ստեղծված խնդիրների լուծման մեջ, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»,- իր պատասխանում հավելել է գերատեսչությունը։




Լրահոս