Իսրայելի բանակը զորաշարժ է իրականացրել Գազայի հատվածի հարավում, որի ընթացքում ՑԱԽԱԼ-ի և ՀԱՄԱՍ-ի ուժերի միջև բախումներ են եղել: Իսրայելական կողմի տվյալով՝ ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, նրանց պատկանող ենթակառուցվածքներ, հայտնաբերվել են հետախուզության համար կարևոր նյութեր:
ՑԱԽԱԼ-ը մի քանի հրթիռ է արձակել Լիբանանի ուղղությամբ: Իսրայելական կողմի համոզմամբ՝ այդպիսով պատասխանել են «Հեզբոլլահ» շարժման կողմից երկրի տարածքի թիրախավորմանը: Իսրայելի բանակը նաև հայտնել է, որ մի քանի ժամ է տվել Գազայի հյուսիսից բնակիչներին անկլավի հարավ տարհանելու համար:
Լրատվամիջոցները գրում են, որ Գազայի հատվածի հյուսիսում Ջաբալիայի փախստականների ճամբարում գտնվող Ալ-Ֆահուրա դպրոցին Իսրայելի ավիահարվածի հետևանքով տասնյակ փախստականներ են զոհվել և վիրավորվել:
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է՝ հարվածել են շտապօգնության մեքենաներին, քանի որ դրանք տեղափոխել են ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ՀԱՄԱՍ-ի զինյալների: Իսրայելի բանակը հիշեցրել է՝ բազմիցս զգուշացրել են խաղաղ բնակիչներին՝ լքել ռազմական գործողությունների գոտին: