Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ալիևը հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային համագործակցությանը, սակայն դա տեղի չի ունեցել Հայաստանի «ագրեսիայի պատճառով»։
Ադրբեջանի ղեկավարը նաև հավելել է, որ աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Բերբոքն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է բրյուսելյան հարթակին, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել Բաքվի և Բեռլինի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման շուրջ։ Բերբոքը նշել է նաև, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ականների խնդրի լուծման հարցում։