Ալբերտ Այվազյանը Շիրակի մարզի փոխմարզպետ է նշանակվել 2022 թվականի հունվարի 5-ին։ Մինչ այս՝ Այվազյանը զբաղեցրել է նույն մարզի Առափի համայնքի ղեկավարի պաշտոնը 1996-ից մինչ 2021 թվականը։
Կառավարման այս երկար ու ձիգ 25 տարիների ընթացքում Այվազյանը կարծես իրենով է արել Առափի համայնքի հողային ֆոնդը։
Բացատրենք՝ ինչո՞ւ եկանք այս եզրակացությանը։
Այվազյանը սեփականաշնորհած 8 անշարժ գույք ունի, որից մեկը անհատական բնակելի տուն է նույն համայնքում, իսկ 7-ը հողամասեր, որից 5-ը ձեռք է բերվել 2018 թվականից հետո։
Ուշագրավն այն է, որ ըստ հայտարարագրի՝ հողամասերից մեկը Այվազյանը ձեռք է բերել 1350 թվականին։
Բացի այս՝ Այվազյանը իր շահագործման ներքո է վերցրել 20 հողամաս, որից 3-ը Առափի համայնքում, 17-ը՝ Ախուրյան համայնքում։ Այս հողամասերը պատկանում են այլ անձի, սակայն 90 օրից ավել շահագործվում է Այվազյանի կողմից։
Ախուրյանում գտնվող հողամասերին Այվազյանը, ըստ երևույթին, տիրել է, քանի որ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ախուրյանի տարածքային խորհրդի նախագահ։
Այվազյանը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։ Սակայն կինը՝ Արմենուհի Ոսկանյանը, հայտարարագրել է, որ 2014 թվականին ձեռք է բերել 2002 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 300 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 650 հազար դրամ։ Այվազյանի հաշվետու տարվա եկամուտները 2022 թվականին կազմել են 54 մլն 376 հազար դրամ, որի 8 մլն 754 հազարը աշխատանքի վարձատրություն է «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից, 681 հազար դրամը կեսաթոշակ է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այվազյանի եկամուտներից 30 մլն դրամը վարկ է, որից 26 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որը տարեվերջին կազմել է 22 մլն 675 հազար դրամ։
Վարկերի մարմանը Այվազյանն ուղղել է 12 մլն 915 հազար դրամ, իսկ գյուղատնտեսական աշխատանքների համար փոխմարզպետը ծախսել է 12 մլն 500 հազար դրամ։
Եկամտի որոշ մասի՝ 14 մլն 950 հազար դրամի ստացման աղբյուրը թաքցված է և նշված «այլ եկամուտ»։
Հիշեցնենք, որ Ալբերտ Այվազյանին համայնքապետի ընտրություններում չընտրելուց հետո որոշեցին չնեղացնել և կարգեցին փոխմարզպետ։ Նրա փոխարեն Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվել էր դաշնակցական Արթուր Իգիթյանը։
Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջնորդությամբ է վարչապետը Այվազյանին փոխմարզպետ նշանակել, քանի որ Ամասիայում և Ախուրյանում ՔՊ-ի պարտությունից հետո իշխանական թևում դժգոհություն էր հասունացել մարզի ՔՊ կառույցի նկատմամբ։
Էմմա Միքայելյան