
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 15 օբյեկտների։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 4-ին, ժամը 19:30-ին օդուժը հարվածել է ահաբեկչական անջատողական կազմակերպության 15 թիրախներին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք շրջանում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար գործողություններ և թիրախային հարվածներ են հասցնում Իրաքում այն թիրախներին, որտեղ գտնվում են PKK-ի ճամբարները, ապաստարանները, հրամանատարական կետերը և զենքի պահեստները։ Նման անդրսահմանային գործողությունները թույլատրվում է խորհրդարանի կողմից, որը վերջին տարիներին մեկ տարով երկարացրել է համապատասխան ռազմական մանդատը։ Բաղդադն իր հերթին դատապարտում է Անկարայի գործողությունները՝ դրանք որակելով որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: