Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Ազգային ժողովի ամբիոնից հրապարակավ ասաց, որ իր համար զարմանալի է այն, որ այս ամբողջը խմբավորվում է մի քաղաքական գործչի շուրջ, ով օրվա առաջին կեսին Ռոբերտ Քոչարյանի հետ է, երկրորդ կեսին խաղեր է տալիս ՀԱԿ-ի հետ, իսկ երրորդ կեսը բաժակը ձեռքին հոտնկայս խմում է Սերժ Սարգսյանի կենացը:
«Սթափվե՛ք, և, որ ամենակարևորն է, ձեր այդ կայքերում վերջացրե՛ք անվանարկել մարդկանց: Դուք շատ խոցելի եք, հաջորդ ելույթս կլինի ավելի դաժան, եթե դուք շարունակե՛ք ձեր բախտախնդրությունը»,-ասել էր Գեղամյանը իր ելույթում:
Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով Արտաշես Գեղամյանի խոսքերին, նշեց, որ չկա անհրաժեշտություն մեկնաբանելու այդ անձնավորության խոսքերը կամ գործողությունները, քանի որ որևէ հարցական այս անձի և իր գործունեության հետ կապված հանրությունը վաղուց արդեն չունի:
«Կտրուկ շրջադարձային խաբեություն իրականացրած ժողովրդի նկատմամբ գործիչը չէ, որ պիտի ազնիվ ու թափանցիկ քաղաքական գործ իրականացնող առաջնորդին փորձի քննադատել»,- եզրափակեց իր խոսքը ԲՀԿ խմբակցության պատգամավորը: