ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը, որը հերքում է այն, որ իր կինը եւ Աննա Հակոբյանը մորաքրոջ աղջիկներ են՝ ասելով, որ Հակոբյան ազգանուն ունենալը դեռ չի նշանակում, որ իրենք բարեկամ են, պարզվում է թշնամական հարաբերություննեի մեջ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արման Բարխուդարյանի հետ:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին:
ArmLur.am-ը գրել էր, որ համայնքապետարանը գնումների գործընթացը լիակատար չի կատարել, չարաշահումներ են հայտնաբերվել, այսինքն հայտարարվել է մրցույթ, որից հետո նախատեսված գումարն իր նպատակին չի ծառայել, այդ գումարի մի մասը այսպես ասած «մեջ-մեջ է արվել»:
Ավելի ուշ, իրավապահ մարմինները ստորագրությամբ ազատ արձակեցին բերման ենթարկվածներին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսի 7-ին գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: ՔՊ գրասենյակի փաստացի լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են եղել։
Պարզվել էր, որ Մալաթիայում ՔՊ-ն թեւերի է բաժանված եղել. մի թեւն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թեւը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, եւ այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է:
Ու կարծես, թե պարոն Հակոբյանը գոհ է, որ իր «թիրախները» հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում ու այս ամեն ինչից ելնելով քեֆ-ուրախության մեջ է, ոչ ավել ոչ պակաս ՔՊ-ն գովազդող, ՔՊ-ի սիրելի երբեմնի գրող ու դերասան Գնել Սարգսյանի հետ: