Նոյեմբերի 6-ին հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս:
Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ նախարար Պապիկյանը և հրավիրվածները մասնակցել են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի բացման արարողությանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։
Հանդիսավոր միջոցառման ժամանակ նախարար Պապիկյանը, բարձր գնահատելով հետախույզի դերն ու նշանակությունը զինված ուժերի մարտունակության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում, հիշեցնելով «Մեկ անգամ հետախույզ, ընդմիշտ հետախույզ» կարգախոսը, ընդգծել է այն մեծ պատասխանատվությունն ու առաքելությունը, որը դրված է առանց փառքի իրավունքի սխրանքներ գործող զորակազմի ուսերին:
Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետամուտ է լինելու զորատեսակի արհեստավարժության ամրապնդմանը, կարողությունների կատարելագործմանը:
Ելույթներով հանդես եկան նաև պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանը:
Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Հետմահու պարգևատրված զինծառայողների պարգևները նախարարը հանձնել է նրանց ընտանիքների անդամներին: