«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խոստովանում է, որ նոր չափորոշիչներով դասագրքերի տպագրման եւ ստեղծման գործընթացը, ըստ էության, տապալել է։ Ավելին՝ կառույցն այժմ փորձում է փրկել իրավիճակը։
Բանն այն է, որ նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկում է հանձնաժողով ստեղծել։ Հիմնավորման մեջ կառույցը խոստովանում է. «Դասագրքերի ստեղծման գործընթացի ավարտին պարզ դարձավ, որ, մասնավորապես, սահմանված կարգով ուսուցչական համայնքից ընտրված մասնագետների շտեմարանից ձեւավորված մասնագիտական խմբերում գիտականությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխանությանը, ինպես նաեւ բովանդակային այլ հարցերի ուսումնասիրությունը մասնագետների կողմից որոշ դեպքերում իրականացվել է ոչ պատշաճ կերպով՝ խախտելով ընթացակարգային պահանջները:
Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուսումնական տարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով սույն նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն»։
Այսինքն՝ խոստովանում են, որ խախտումներ եղել են, սակայն հիմա էլ որոշել են հանձնաժողով ստեղծել, որ պատասխանատվությունը հետագա ձախողման դնեն այդ խմբի վրա։ Ըստ ամենայնի, դա էլ կտապալի նախարար Ժաննա Անդրեասյանը, պարզապես մտադիր է ի սկզբանե մեղավորներ փնտրել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում