Դատավոր Ժորա Չիչոյանի կասկածելի ունեցվածքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ հայտարարագիր ներկայացրել է մարտի 9-ին։ Դատավոր Չիչոյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակելի շենքում եւ մի հողամաս. անշարժ գույքը ժառանգություն է ստացել Չիչոյանը։ Բնակարաններից մեկը գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, հողամասը Շողակաթ համայնքում է։ Չիչոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 18 մլն դրամ եւ 20 հազար դոլար։ Դատավոր Չիչոյանն ունի նման ֆինանսական միջոցներ, սակայն նրա տարեկան եկամուտները կազմում են 4 մլն 667 հազար դրամ։

Եկամուտներից 2 մլն 95 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, 2 մլն 80 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, իսկ 492 հազար դրամը վարկ է «Էվոկա» բանկից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 514 հազար դրամ։ Անհասկանալի է մնում եւ կասկածելի թվում, թե ինչպես է Չիչոյանը տարեկան եկամտի չափին հասնող վարկային միջոցները մարում։ Նաեւ հետաքրքիր փաստ կարող է դիտվել այն, որ դատավորի կանխիկ դրամական միջոցները 6,5 անգամ գերազանցում են նրա տարեկան եկամուտները։ Նա նաեւ չի նշել այս գումարների ստացման աղբյուրները, ինչը կարող է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մոտ կասկած առաջացնել, եւ ԿԿՀ-ն որոշում կայացնի վարույթ հարուցելու։

Հիշեցնենք, որ Ժորա Չիչոյանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Մարտիրոսյանին կալանքի տակ վերցնելու որոշում կայացրած դատավորն է։ Այս որոշումից հետո մամուլը գրեց, որ դեռեւս մեկ տարի առաջ ՀՀ նախագահն առարկություն էր ներկայացրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու մասով ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, որը ԲԴԽ-ն ընդունել էր ի գիտություն, սակայն ԲԴԽ-ում դատավոր հորեղբոր՝ Սերգեյ Չիչոյանի եւ իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գործուն ջանքերով ԲԴԽ-ն հաշվի չառավ նախագահի առարկությունը, Ժորա Չիչոյանին նշանակեց դատավոր: Իշխանության «սրտի դատավոր» Ժորա Չիչոյանն էլ, որ քար չգցի իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի կարիերայի վրա, հորեղբոր` դատավոր Սերգեյ Չիչոյանին չվնասի, կամ հորեղբոր փեսայի` Անուշավան Մուշեղյանի համար խնդիրներ չստեղծի (որը նույնպես դատավոր է), կալանքի տարավ զոհվածի մորը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս