Ռուստամ Բաքոյանը զբաղվում է ամեն ինչով բացի իր բուն պարտականություններից․ ուր էր նա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հանձնաժողովներում երեկ ավարտվեց ՀՀ 2024թ-ի պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները:

Արդեն նոյեմբերի 14-ից պետբյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:

Ի թիվս մյուս կառույցների, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց նաեւ ՄԻՊ կառույցի բյուջեի նախագիծը:

Հանձնաժողովում պետբյուջեի քննարկմանը պետք է ներկա լինի գլխադասային հանձնաժողովի նախագահը:

«ԱԺ կանոնակարգ օրենքի» 88-րդ կետը սահմանում է հետեւյալը՝

. Նախագծի նախնական քննարկման գլխադասային հանձնաժողովը իրավասու մշտական հանձնաժողովն է:

. Նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև Կառավարության անդամները և վարչապետի լիազորած անձինք, ինչպես նաև ժամկետացանկում նշված այլ անձինք:

ՄԻՊ-ի դեպքում գլխադասային հանձնաժողովը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովն է, որի փոխնախագահը սկանդալային Ռուստամ Բաքոյանն է:

Նա ՄԻՊ-ի բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցեց ընդամենը մի քանի րոպե ու անհետացավ:

Հավանաբար, նա ձանձրացել էր կամ էլ իրականում հեռու է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերից ու իրեն քննարկումը չէր հետաքրքրում:

Հաշվի առնելով, որ ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը առավել հայտնին է կին ծեծելով եւ նրանից գումար շորթելով՝ այս դեպքում երկրորդ տարբերակը ավելի հավանական է դառնում:

Ի դեպ, երեկ ողջ օրը փորձեցինք պարզել Բաքոյանից՝ ինչու՞ ընդամենը մի քանի րոպե մասնակցեց քննարկմանն ու դուրս եկավ, սակայն նա մեր նամակներին եւ բազմաթիվ զանգերին չպատասխանեց:

Ինչպես մեզ փոխանցեցին, նա այդ օրն ԱԺ-ում հանդիպում ուներ, դրա համար է շուտ դուրս եկել:

Ստացվում է, որ նա զբաղվում է ամեն ինչով՝ բացի իր բուն պարտականություններից:

Ք․ Մ․




Լրահոս