Հրադադարը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ միայն ռազմական ճնշումն է գործում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Գազայում հրադադար չի լինի առանց մեր պատանդների ազատ արձակման: Ինչ վերաբերում է կարճ մարտավարական դադարներին՝ մեկ ժամով այստեղ, մեկ ժամով այնտեղ, կարծում եմ, որ մենք նախապես ունեցել ենք դրանք` մարդասիրական պաշարներ ներս թողնելու համար, բայց ես չեմ կարծում, որ համընդհանուր զինադադար կլինի»,- ասել է նա։
«Կարծում եմ, որ դա կխանգարի ռազմական ջանքերին: Դա կխանգարի պատանդներին ազատելու մեր ջանքերին, քանի որ միակ բանը, որ աշխատում է Համասի այս հանցագործների դեմ, դա ռազմական ճնշումն է, որը մենք կիրառում ենք», – ավելացրել է նա։
Ավելի վաղ, Նեթանյահուն արդեն ասել էր, որ Իսրայելը չի համաձայնի հրադադարի, քանի դեռ անկլավում պատանդներին ազատ չեն արձակել։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանգստյան օրերին հայտարարեց առաջընթացի մասին՝ Գազայի հատվածում մարդասիրական դադար ապահովելու հարցում։