Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար կիսվում է հրապարակումներով կյանքի այս կամ այն իրավիճակի, երկրում եւ սահմաններին տեղի ունեցող դեպքերի մասին:
Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում կիսվել է հրապարակումով՝ նախ ներկայացնելով, թե ըստ իրեն ինչ բան է կյանքը, ապա, համեմատելով հային կտրվող ծառերի հետ, նշել, որ չի հասկանում ինչպես կարող են մեզ «կտրել»:
«Հետաքրքիր բան է կյանքը.
Հայրս չկա, բայց իր այգում անընդհատ ծաղկում են իր ձեռքով տնկած վարդերը)…
Հայրիկիս վարդերը՝ իմ սեղանին, տարբեր ու գեղեցիկ, բնական ու հետագծով…Հայրիկիս նման:
Թխվածքը, որն էքսպերիմենտալ արեցի իմ ստացած բրնձի ալյուրից, իր ամբողջ ընթացքով հիշեցնում էր Մորս, իր ձեռքերը՝ գեղեցիկ ու ազնվական, խնամքով վարմունքը: Շատ, անսահման բարի ու չքնաղ Մորս…Մայրական ուտեստների երջանկության համը…Սուրճ դնելիս էլ հիշում էի էն բոլոր հարազատ դարձած՝ թեկուզ դեռ անծանոթ հետեւորդներին, որոնց հետ սրճելը դարձել է արարողություն, կապ հարազատ մի կամուրջ:
Կարճ ասած. կյանքը պիտի ՀԵՏԱԳԻԾ ունենա, մարդու ապրելու իմաստն էդ է երևի…թե չէ էլ ինչու՞…
մի սովորական նկարի մեջ՝ մի ամբողջ կյանք, արմատի ուժ, հիշողություն, գեն, Հողի արժեքն ու դրա մշակման շնորհակալությունը, իրարու անճանաչ մարդկանց՝ հարազատությունը…
Հ.Գ. Անցյալ օրը Երեւանում էլի ծառեր են կտրել…( հաստաբուն, ապրող, առողջ ու պատմություն ունեցող…մենք ենք էդ կտրվող ծառերը, որոնց հետագիծն են ուզում «կտրել»…արմատական Մարդը՝ անպատմություն էլ կմնա, անհետք ու անգիծ: Հայն ինքնին պատմություն է: Ո՞նց են «կտրելու» բոլորիս…»,-գրել է Նազենին:
Մ.Ղ.