ArmLur.am-ի տեղեկություններով՝ վարչական շրջանների ղեկավարների նշանակման հարցը նոր կռվախնձորի թեմա է դարձել ու դժգոհություններ առաջացրել նախկին թաղապետերի մոտ:
Ինչպես հայտնել էինք, Տիգրան Ավինյանն իրենց պաշտոններում վերանշանակել էր Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Ավան, Շենգավիթ, Էրեբունի, Նորք-Մարաշ, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին:
Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ՔՊ-ն իր տեղը զիջել էր իրենց հետ կոալիցա կազմած «Հանրապետություն» կուսակցությանը.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել ԵԿՄ Երևանի խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել Տիգրան Տեր-Մարգարյանը, իսկ Դավթաշենում՝ Ալբերտ Հովասափյանը: Վարչական շրջանի նորանշանակ երեք ղեկավարներն էլ «Հանրապետություն» կուսակցությունից են:
Վերջերս քրեական սկանդալի մեջ հայտնված Մալաթա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Բարխուդարյանը երկար անգործ չմնաց։ Կարճ ժամանակ անց նա նշանակվեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական. այդ պաշտոնը նա զբաղեցնում էր մինչ թաղապետ նշանակվելը:
Նոր-Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Մհերյանի և Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռոման Համբարձումյանի հարցը մնում է օդում կախված:
Սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրությունների ժամանակ Մհերյանն ու Համբարձումյանը ջանք ու եռանդ չեն խնայել իրենց «կուռացիայի» տակ գտնվող վարչական շրջաններում ՔՊ-ի համար ձայներ ապահովելու համար:
Հիմա, սակայն, փաստացի նրանք մնացել են անգործ, ու դժոհություններ կան ՔՊ-ից, որ իրենց ջանքերը չեն գնահատել ու այսօր իրենց առանց պաշտոն են թողել:
Ք․Մ․