Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող միանվագ 100 հազար դրամ աջակցությունը ստացել է 104 հազար 200 շահառու։
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նրանցից 75 հազար 725-ը չափահասներ են, 28 հազար 475-ն անչափահասներ։
«Մեր մյուս ծրագիրը վերաբերում էր 40+10 հազարական դրամ աջակցություններին՝ բնակվարձի, ինչպես նաև կոմունալ ծախսերը ծածկելու համար։ Այսօրվա դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից այն վճարման է ուղարկվել 92 հազար 525 անձի, որից 5358-ը 10 հազար դրամ, 87 հազար 167-ը՝ 10+40 հազարական դրամ»,-ավելացրել է նախարարը։
Նրա խոսքով՝ նոյեմբեր ամսվա դիմումներն այսօրվանից սկսած կարող են ներկայացվել գործարկված էլեկտրոնային հարթակում և տվյալների մշակումից հետո կսկսվեն ընթացիկ ամսվա վճարումները։
«Տվյալների որոշակի բազաներ կան, որը մենք մշակում ենք և առաջիկայում հոկտեմբեր ամսվա վճարներն էլ կամփոփնք»,-ընդգծել է Մկրտչյանը։