«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ գործադիրի որոշմամբ՝ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ:
Ըստ հիմնավորման՝ այսօր թատրոնի ակտիվ խաղացանկում կա ավելի քան 40 ներկայացում ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար՝ ապահովելով ժանրային բազմազանությունը: Թատրոնը մշտապես ակտիվորեն մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոնների: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա են գտնվել ավելի քան 5.000.000 հանդիսատես։ Թատրոնը երբեւէ չի դադարեցրել իր գործունեությունը, անգամ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հանդիսանում է Հայաստանի մշակութային առաջատար թատերախմբերից մեկը եւ ծավալած գործունեությամբ նպաստում է ոչ միայն հայ տիկնիկային արվեստի զարգացմանը, այլեւ մանուկների գեղագիտական դաստիրակության ապահովմանը: Թատրոնի ստեղծագործական կազմը իրականացնում է մասնագիտական վերապատրաստում, աջակցում համայնքային տիկնիկային թատերախմբերի խաղացանկի ձեւավորմանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնն էապես բարձրացրել է տիկնիկային արվեստի որակը, հայ տիկնիկային արվեստի ներկայացվածությունը միջազգային հարթակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել համայնքային թատրոններին, էապես նպաստել է տիկնիկավարների դպրոցի կայացմանը: Միեւնույն ժամանակ, թատրոնն իր իրականացված գործունեությամբ խթանում է ՀՀ-ում տիկնիկագործության զարգացումը եւ տիկնիկային արվեստի ժամանակակից ու նորարական մեթոդների ներդնումը: Արդյունքում ակնկալվում է ֆինանսական միջոցների ավելացում, միջազգային հարթակում ավելի լայն կապերի հաստատման եւ նոր գործունեության ապահովում:
ՌՈՔ ԱՍՏՂԻ ՈՐԴԻՆ ՍՊԱՆԵԼ Է
Ողբերգություն է տեղի ունեցել ռուս ռոք աստղ Ստաս Նամինի ընտանիքում. երրորդ կնոջից նրա խորթ որդին՝ Ռոման Միկոյանը, սառնասրտորեն սպանել է եղբորը՝ Արտեմին, եւ տատիկին՝ Պոլինա Տկաչենկոյին։ Ամեն ինչ տեղի է ունեցել մերձմոսկովյան Իստրայում գտնվող տնակներից մեկում. գրում է StarHit-ը։
Պարզվել է, որ Ստաս Նամինը վաղուց չի շփվում Ռոմանի հետ, ում համար ժամանակին փոխարինել է սեփական հորը։ «Ես հենց նոր իմացա այս մասին. սա սարսափելի ողբերգություն է: Ռոմանը երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է նրա առաջին ամուսնությունից։ Նա միշտ եղել է տականք ու ստոր մարդ։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ, քանի որ նա միշտ անարժան եւ ցածր է եղել։ Նա երբեք իմ հարազատը չի եղել»,-լրագրողների հետ զրույցում խոստովանել է ռոք արտիստը։
Սկզբում ենթադրվում էր, որ Ռոմանն իր 30-ամյա եղբոր եւ 85-ամյա տատիկի հետ այդպես է վարվել գույքային վեճերի պատճառով։ Ինչպես հայտնի է դարձել հարցաքննության ժամանակ, հարազատների միջեւ կոնֆլիկտը ծագել է Միկոյանի կախվածության պատճառով. նա թմրանյութ է օգտագործել։ Նրան դուր չէր գալիս, որ իր սիրելիները հաճախ ճնշում էին իրեն բարոյական ուսմունքներով։
Հանցագործություն կատարելուց հետո Նամինի խորթ որդին ինքն է կանչել իրավապահներին։ Այդ պահին նա գտնվում էր թմրամիջոցների ազդեցության տակ։ Այժմ մարդասպանը սպասում է դատական նիստին, որտեղ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվելու։
«Իստրինսկի շրջանի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել քննչական մարմնի կողմից հարուցված քրեական գործի ընթացքը եւ արդյունքները: Հետաքննության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի գիշերը Կրյուկովո գյուղի առանձնատանը հայտնաբերվել են 1938 թվականին ծնված կնոջ եւ նրա 30-ամյա թոռան դիերը։ Հանցագործության մեջ կասկածվողը ձերբակալվել է իրավապահների կողմից»,- հայտնել են դատախազությունից։
Պարզվել է, որ Ռոման Միկոյանը նախկինում դատվածություն է ունեցել. 2007թ-ին մայրաքաղաքում հարվածել ու սպանել է մի կնոջ։ Այնուհետեւ տղամարդը պայմանական ազատազրկման է ենթարկվել։ Ի թիվս այլ բաների՝ Ռոմանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է տհաճ իրավիճակներում եւ բազմաթիվ խնդիրներ առաջացրել իր ընտանիքի համար։
ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է ձմռանը վարձակալել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին մինչեւ մրցաշրջանի ավարտը՝ պայմանով, որ մանչեսթերյան ակումբը կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձի զգալի մասը. հաղորդում է ESPN-ը։ 23-ամյա ֆուտբոլիստը ստանում է շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ։
Ջեյդոն Սանչոն այժմ լարված հարաբերություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ եւ դուրս է մնացել հիմնական կազմից։ Նա չի մարզվում գլխավոր թիմի հետ։
Ջեյդոն Սանչոն 2021 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
ՉԵՆ ՀԻՇՈՒՄ ԼՈՒԿԱԿՈՒԻՆ
Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի նախկին հարձակվող, բելգիացի Ռոմելու Լուկակուի մասին, որը այս մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Ռոմայում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»։
«Լուկակուն մարմնավորում է մեր անցյալը։ Դա ընդամենը այն է, ինչ մեզ հետ կատարվել է նախկինում։ «Ինտերում» նրա մասին ոչ ոք չի մտածում, նրան ոչ ոք չի հիշում։
Նրա վարքը պետք չէ մեկնաբանել։ Այդպես պատահում է ֆուտբոլում։ Առաջին ու վերջին դեպքը չէ»,- Մարոտայի խոսքը մեջբերում է La Gazetta dello Sport-ը։
Լուկակուն «Ինտերում» անցկացրել է երեք մրցաշրջան՝ 132 խաղում խփելով 78 գոլ։
Ամռանը հայտնի էր դարձել, որ Լուկակուն գաղտնի բանակցել է «Յուվենտուսի» հետ, սակայն համաձայնության չի հասել։
ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԵՅՄԱՐԻՆ
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառումով աջակցություն է հայտնել Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան «Ալ Հիլյալի» 31-ամյա հարձակվող Նեյմարին, որը ծնկի վնասվածք է ստացել եւ վիրահատվելու է։
«Շատ ուժ եմ մաղթում քեզ»,- գրել է Մեսին։
Նեյմարը վնասվածքը ստացել էր Ուրուգվայի թիմի դեմ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում։ Բրազիլիան պարտվել էր 0:2 հաշվով։ Նեյմարը բաց կթողնի կես տարի։