ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ բռնի տեղահանված մի խումբ արցախցիներ ժամեր շարունակ ակցիա իրականացրին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց. նրանք մի շարք պահանջներ ներկայացրին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին: Բնականաբար, արցախցիները իրավունք ունեն եւ պարտավոր են պահանջատեր լինել իրենց իշխանություններից եւ պատասխաններ պահանջել նրանցից: Ամեն բան, սակայն, այնքան պարզ եւ ընկալելի կլիներ, եթե մի շարք մութ ու քողարկված դետալներ մեր աչքից վրիպեին: Նախ՝ ուշագրավ է, որ ակցիա իրականացնող արցախցիները որեւէ պահանջ չունեին Արցախի հանձնման գլխավոր մեղավորից՝ Նիկոլ Փաշինյանից եւ նրա իշխանությունից, հակառակը՝ ամեն երկրորդ խոսքին կրկնում էին, որ գոհ են Հայաստանի իշխանություններից, որ իրենց գումար են տալիս, կացարանով են ապահովում. սա՝ այն դեպքում, երբ հաճախ տեսնում ենք անօթեւան մնացած, քաղցած եւ դրսում գիշերող արցախցիների: Ակցիա իրականացնող արցախցիների հրահանգիչներն էլ անընդհատ նրանց կողքից հիշեցնում էին, որ ամեն խոսքի կրկնեն նույնը՝ թե Հայաստանի իշխանությունների հետ խնդիր չունեն, իրենց խնդիրը Արցախի իշխանությունների հետ է: Արցախցիները երեկ իրենց ակցիայի ժամանակ կարմիր թելի նման մի գիծ էին առաջ տանում, թե արցախցի բարձրաստիճան պաշտոնյաները տարիներ շարունակ իրենց թալանել են եւ այդ գումարով իրենց թանկարժեք տներ, ավտոմեքենաներ գնել: Ավելին՝ նրանք դիմում էին Հայաստանի իրավապահ մարմիններին, որպեսզի Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը բռնագրավեն ու տան անօթեւան մնացած արցախցիներին: Ճիշտ նույն թեզը, ինչ Փաշինյանն է առաջ քաշում, այդ թվում՝ ֆեյքային գրոհներով: Կարճ ասած, շատ ծանոթ ձեռագիր է՝ բոլորիս արդեն ծանոթ «փաշինյանական» ձեռագիր. Հայաստանում էլ մշտապես տարածքային նոր կորուստների կամ նոր պարտությունների դեպքում, երբ հանրությունը պետք է իր  արդար բողոքի ձայնը բարձրացնի, Նիկոլ Փաշինյանը ու նրա կողմնակիցները անգիր արած սկսում են նույն թեզը ներարկել հանրության մեջ՝ նախկիններ, թալանչիներ, ապօրինի ունեցվածք եւ նույն ծեծված խոսքերը: Այսպիսով, այս մի շարք ակնհայտ փաստերը համադրելով՝ ակնհայտ է դառնում դեռեւս երեկվանից շրջանառվող թեզը, որ երեկվա, այսպես կոչված, ինքնաբուխ ակցիան ուղղորդված էր Արցախի կորստի գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանի եւ նրա խոսափողի՝ ավերակների վրա իշխանություն տենչող Սամվել Բաբայանի կողմից: Նպատակն էլ պարզ է՝ Հայաստանի իշխանությունների դեմ կուտակված հանրային ահռելի դժգոհությունն ուղղորդել դեպի Արցախի իշխանությունները, որպեսզի այդ դժգոհությունը մի օր հանկարծ չպայթի Երեւանի կենտրոնում՝ ընդդեմ Փաշինյանի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվում Արցախի Հանրապետության պաշտոնյաներ, որոնք, ըստ էության, ԱԱԾ-ում հարցաքննվում են տարբեր քրեական գործերով, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության լուծարման գործընթացով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում հերթը հասնում է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին, որին եւս նախաքննական մարմինը խիստ հարցադրումներ ունի: Նկատենք, որ արդեն մեկ քրեական գործ կա, որ քննում է Քննչական կոմիտեն: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունների ու հաղորդման հիման վրա՝ քրեական գործ է հարուցվել: Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Զինվորական պաշտոնեական անփութությունը», որը սահմանում է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) եւ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը», որը սահմանում է՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը)։ Կարճ ասած, հող են նախապատրաստում քաղաքական իշխանությունները, որ Բաքվի բանտից եթե Արցախի 3 նախագահները Հայաստան գան, Հայաստանում անմիջապես կալանավորվեն: Ավելին՝ չի բացառվում, որ ԱԱԾ-ի կողմից առաջիկայում կալանավորումներ սկսվեն: Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ: «Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաեւ ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն, ու հենց այդպես էլ արեց Բաքուն:

 

 

Հայաստանում կրթական ոլորտը վերջերս հաճախ է հայտնվում սկանդալների մեջ։ Սկզբում ԿԳՄՍՆ-ի կողմից նոր գրքերի տպագրության գործընթացի անհաջող ընթացքն էր, իսկ այժմ նախարար Ժաննա Անդրեասյանի երեխաների՝ Գերմանիայում սովորելն է քննարկման կիզակետում։ 2018 թվականին, երբ ՔՊ-ականները նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, որ ամոթալի է, երբ նախարարի երեխաները, սեփական երկրում սովորելու փոխարեն, ուսանում են այլ երկրներում։ Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի դուստրը եւ որդին՝ Մարիամ եւ Աշոտ Փաշինյանները, սովորում էին Էստոնիայում գտնվող Տարտուի համալսարանում։ Արայիկ Հարությունյանը բոլոր հնարավոր բեմահարթակներից հնչեցնում էր, որ նախկինների երեխաները սովորում են արտասահմանյան բուհերում։ Ժաննա Անդրեասյանի երեխաներն էլ ցանկություն են հայտնել սովորել Գերմանիայում։ Իշխանության համար դա նրանց երեխաների իրավունքն է։ Իշխանականները  քարկոծում էին նախկիններին, սակայն այս աղմուկին մոռանում են ավելացնել նաեւ, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դուստրը՝ Արփի Հովհաննիսյանը եւս սովորում է արտասահմանում, ավելի կոնկրետ՝ Պրահայի ճարտարապետության ինստիտուտում։ Ըստ նախարար Հովհաննիսյանի հայտարարագրի՝ նրա՝ ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 7 հազար 424 եվրո, որը համարժեք է 3 մլն 157 հազար դրամի։ Սեփական բծերը չտեսնող իշխանությունները քարկոծում էին նախկինների երեխաներին, բայց այսօր փաստացի հեղափոխական իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը եւս սովորում է արտասահմանում։ Հայկական կրթական համակարգը, որտեղ առանց դասագրքերի են ուսանում, հենց նախարար Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսն է:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի թաղապետերի պաշտոնները դարձել են լուրջ կռիվ իշխանության եւ «Հանրապետություն» կուսակցության միչեւ, քանի որ իշխանությունը, համագործակցային դաշինք ունենալով «Հանրապետություն» կուսակցության հետ, պետք է նրանց էլ բաժանի թաղապետերի պաշտոններ։ Նախապես որոշված էր, որ 3 թաղապետ պետք է լքի պաշտոնը եւ հեռանա, եւ այդ պաշտոններին պետք է նշանակվեն «Հանրապետություն» կուսակցության անդամները։ Այժմ Մալաթիա-Սեբաստիա,Դավթաշեն եւ Նոր Նորք վարչական շրջանների այդ 3 ՔՊ-ական թաղապետերը մեծ բունտ են անում Ավինյանի մոտ, որ սա արդար քայլ չէ իրենց նկատմամբ, քանի որ իրենք իշխանության կողքին կանգնել եւ աջակցել են նրանց ամենավատ ժամանակաշրջանում, եւ հիմա ստիպում են լքել իրենց պաշտոնները։ Ամենավատ վիճակում գտնվում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը՝ Ռոման Համբարձումյանը, որովհետեւ իր շրջապատում թաղապետը հպարտորեն ասել էր, որ նա խնդիր չունի Տիգրան Ավինյանի հետ, իսկ ընտրություններից հետո այդ պաշտոնը ավելի կամրապնդի, իսկ այժմ նրա գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Այս թեժ քննարկումները շարունակվում են Նոր Նորքի թաղապետ Արմեն Մհերյանի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ Արման Բարխուդարյանի շուրջ եւս: Իրավիճակը թեժ է, բայց իշխանությունը տարբերակ չունի եւ պետք է այս պաշտոնները տա «Հանրապետություն» կուսակցությանը։ Հիշեցնենք, որ նախնական որոշված է, որ «Հանրապետություն» կուսակցությանը տրվելու է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որը ղեկավարելու է Ռոմիկ Մխիթարյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմներից է եղել, պատերազմի մասնակից է: Նրա տեղակալ նշանակվելու է Վաչե Վանյանը, որը եւս նույն կուսակցությունից է: Դավիթաշենը եւս կղեկավարի «Հանրապետություն» կուսակցությունը, դեռեւս որոշում են, թե ով, իսկ Նոր Նորքը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը: Նաեւ սեւ ամպեր են կուտակվել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանի գլխին, քանի որ որոշված է Կենտրոնի թաղապետ նշանակել Նուարդ Վարդանյանին։




Լրահոս