Երեկ տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն է եղել:
Որոշվել է ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:
ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 24-րդ հերթական ժողովն ընտրական է։
Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ՀՖՖ ժողովի յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել մեկ թեկնածու ՀՖՖ նախագահի տեղի համար։
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հետևյալ պահանջներին․
ա) մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ՀՀ-ում ֆուտբոլի բնագավառում (Պաշտոնատար անձ (դիմելու պահին պաշտոնը չզբաղեցնող), նախկին ֆուտբոլիստ (դիմելու պահին կարիերան ավարտած), կամ սպորտում այլ կերպ ներգրավված անձ (մարզական լրագրող, մեկնաբան, իրավաբան և այլն),
բ) լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվել պետության տարածքում,
գ) լինել առնվազն 25 տարեկան և ունենալ ՀՀ-ում ընտրական իրավունք,
դ) տվյալ պաշտոնի հետ անհամատեղելի որևէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել,
ե) չգտնվել սնանկության գործընթացում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ: Իհարկե, ընտրություն որակել այս գործընթացն այնքան էլ տեղին չէ, քանի որ ՀՖՖ նախագահ դառնում է իշխանական հովանավորություն ունեցողը միայն:
Մեզ փոխանցում են, որ կուլիսներում, որպես ՀՖՖ նախագահի թեկնածու, քննարկվել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անունը: Լուրեր կան, որ նրա լոբբինգով զբաղվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս անձի՝ թեկնածության հետագա ճակատագրի հետ կապված հստակություն ներկա պահին չկա. զուգահեռ քննարկվում է նաեւ Աննա Հակոբյանի հիմնադրամի ղեկավար, Սփյուռքի կոմիտեի նախկին ղեկավար Մխիթար Հայրապետյանի անունը, ում թեկնածությունն այս պահին կարծես ավելի հավանական է։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը դժգոհ է ՀՖՖ ներկայիս նախագահի՝ Արմեն Մելիքբեկյանի գործունեությունից, ինչին գումարվում են խայտառակ փաստերն ընդդեմ Մելիքբեկյանի:
ՀՖՖ-ից տրված բանկային քարտ կորցնող, ֆուտբոլային խայտառակ թվով հաշիվների, ֆուտբոլիստներին անտերության մատնած եւ ինքնամփոփ ու ոչ մեկի հետ չշփվող Մելիքբեկյանի ժամանակը կարծես սպառել է իրեն: Ինչեւէ, հետեւենք ընթացքին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Մարիամ Ղազարյան