Արցախի «Արդարություն» կուսակցությունը մտադիր է Հայաստանում հասարակական կազմակերպություն հիմնել: Մանրամասների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
-Տիկի՛ն Հակոբյան, հայտարարել էիք, որ հասարակական կազմակերպություն եք ցանկանում հիմնել: Ո՞ւմ գաղափարն է դա, եւ ի՞նչ է այն ենթադրում, ինչո՞վ է զբաղվելու այդ կազմակերպությունը:
– Իմ, մեր կուսակցության ղեկավարի եւ, առհասարակ, մեր կուսակցության նախաձեռնությունն է, բայց սա ոչ թե քաղաքական գործունեություն է լինելու, այլ հենց հասարակական բնույթ է կրելու, որի նպատակը կապիտալի պահպանումն է լինելու, որովհետեւ ես այս մեկ ամսվա ընթացքում բազմիցս շրջել, հանդիպումներ եմ ունեցել, շփվել եմ մարդկանց հետ տարբեր շրջաններում եւ այդ շփումների արդյունքում հասկացել եմ, որ մեր կապիտալը փոշիացման ճանապարհին է, եւ պետք է հրատապ քայլեր ձեռնարկել: Եթե դեռեւս Արցախի իշխանությունները խելքի չեն եկել, դեռեւս չկա որեւէ կառույց, որն այդ գործը հանձ կառնի, մենք որոշել ենք դա անել , որպեսզի մենք տեղեկություն ունենանք բոլորից, ինչքան որ հնարավոր է, եւ գուցե տարբեր ծրագրեր իրականացնենք, որոնք կպահեն եւ կպահպանեն ներսում մեր լույսը, արցախյան մշակույթը, բարբառը եւ ամեն ինչ՝ կապված Արցախի հետ, որպեսզի կուլ չգնա ոչինչ:
-Այսինքն՝ տեղահանված արցախցիների խնդիրներո՞վ եք զբաղվելու:
-Այո՛, ինչքան հնարավոր է, վեր ենք հանելու այդ խնդիրները, բացահայտելու ենք, հանրայնացնելու ենք: Ավելի մանրամասն, երբ արդեն կգրանցվի կազմակերպությունն, ու ավելի կոնկրետ հնարավորություն կունենանք ներկայացնելու, այդ ժամանակ արդեն հանրային հայտարարություն կանենք:
-Իսկ ժամկետներ կա՞ն հստակ, թե երբ եք պատրաստվում գործարկել կազմակերպությունը:
-Մոտ ժամանակներս. դեռ հստակ չէ, քանի որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
-Իսկ անուն կա՞ որոշված:
-Թող մնա գաղտնիք, կհրապարակենք ավելի ուշ:
Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը