Եվրահանձնաժողովն (ԵՀ) այսօր զեկույց է հրապարակել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ: Եվրահանձնաժողովը Եվրամիության խորհրդին առաջարկել է Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Եվրահանձնաժողովի եզրակացության հիման վրա դեկտեմբերի 14-15-ը Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի ընդլայնման քաղաքականության և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
«Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել՝ հաշվի առնելով, որ կձեռնարկվեն բոլոր համապատասխան քայլերը»,- չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
2022 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը պատրաստակամություն հայտնեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել 12 պայմանների կատարումից հետո՝ ներառյալ ապաօլիգարխացումը, ապաբևեռացումը, լրատվամիջոցների միջավայրի բարելավումն ու դատական համակարգի լիարժեք անկախության ապահովումը: