Ո՞վ է ՀՖՖ մերօրյա նախագահը: Արմեն Մելիքբեկյանը, որը ժամանակին սպորտային լրագրող էր, 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Այն, որ Մելիքբեկյանը այդքան էլ տեղյակ չէ այն ամենից, ինչով զբաղվում է, դա հարցի ցավալի կողմերից միայն մեկն է. առավել ուշագրավ է այն, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը աղմկահարույց բացահայտումներ էր արել Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ, սակայն դրան ոչ ոք ուշադրություն չէր դարձրել: Մասնավորապես, Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ գիտի, թե ով է ՀՖՖ ներկայիս նախագահը. «Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքականի հետ մեկնել էր Իսպանիա: Ով որ խումբը ղեկավարում է, նրան մենք տալիս ենք քարտ, որի վրա գումար կա: Մելիքբեկյան Արմենը Իսպանիայից եկավ ու հայտարարեց, որ իր քարտը գողացել են, գումարն էլ՝ քաշել (մի քանի հազար եվրո)»: Ասել է թե՝ գողություն: Սրան ի պատասխան՝ Մելիքբեկյանը պարզաբանել էր, որ խոսքը 2008 թվականի միջադեպի մասին է, երբ Բարսելոնայում իրենից գողացել են բանկային քարտը, ապա վստահեցրել է, թե, իբր, իր անձնական միջոցներից վերադարձրել է, եւ որ դա վկայող փաստաթղթեր էլ կան: Բնականաբար, այդպես պետք է ասեր նախկին սպորտային լրագրողն ու ֆեդերացիայի մերօրյա նախագահը, բայց ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, անկրակ ծուխ չի լինի: Հենց այս դեպքից հետո էլ Մելիքբեկյանը ազատվել էր աշխատանքից յուրացումների պատճառով: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի նոյեմբերի 21-ից՝ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, եւ հավակնում էին այդ պաշտոնին ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը։ Sputnik Armenia-ն գրեց, որ Հայրապետյանը իրեն մեղավոր է զգում, որ նախկինում աշխատանքի է ընդունել ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանին եւ Արմեն Նիկողոսյանին։ Ավելին՝ նա ներողություն էր խնդրել մեկնաբան, ՀՖՖ նախկին մամուլի քարտուղար Սուրեն Բաղդասարյանից (որը զգուշացրել էր իրեն այս քայլից) նրա խորհուրդը չլսելու համար։ Հիշեցնենք, որ նույն Մելիքբեկյանին երկու անգամ են անվստահություն հայտնել: Մի անգամ էլ դա եղել է 2019թ.-ին, երբ Մելիքբեկյանը ՀՖՖ գլխավոր քարտուղարն էր:
Սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ձերբակալեց, ինչի մասին հայտնեց նրա կինը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտնեց, որ Վարդանյանը կալանավորվեց 4 ամսով։ Ադրբեջանի ԱԱԾ-ն նաեւ հայտնեց, որ ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւս ձերբակալված է, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների, եղել է Ռուբեն Վարդանյանի մեքենայում, այսինքն՝ նրանք ձերբակալվել են նույն օրը: Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւս գերեվարված է: Հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական մամուլը սկսեց տարածել լուսանկարներ, տեսանյութեր նաեւ գերեվարված նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ: Սա դեռ միայն պաշտոնյաների մակարդակում տեղի ունեցած գերեվարություններն են, եւ միայն վերջին օրերին: Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ, անչափահասներ այսօր Ադրբեջանի գերեվարության մեջ են: Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս կապակցությամբ հայկական արդեն միակ պետությունը՝ Հայաստանը: Այն մարմինները, որոնք որ, ենթադրվում է, պետք է գործունեություն ծավալեին այս ուղղությամբ, բազմաբովանդակ լռում են: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել պետության ղեկավար մարմիններին՝ հասկանալու, թե ինչ քայլեր է անում ՀՀ-ն 2020թ. պատերազմի ընթացքում եւ հետո գերեվարվածներին, 2023թ. գերեվարված Արցախի Հանրապետության 3 նախագահներին եւ ռազմաքաղաքական նախկին ու ներկա ղեկավարներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Նաեւ խնդրել ենք կոնկրետ նշել՝ վերջին քայլը Հայաստանի կողմից որն է եղել այդ ուղղությամբ, երբ եւ ինչ պատասխան է տվել Ադրբեջանը դրան: Նախագահն իր աշխատակազմով թեեւ փայլում է հարցումներին պատասխանելու արագությամբ, սակայն նույնը չի կարելի ասել նրա գործունեության հետ կապված: «Արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրությամբ: Ձեր գրության մեջ արծարծված հարցերը վերաբերելի չեն Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ սահմանված լիազորություններին եւ գործառույթներին»,- տեղեկացնում են նախագահականից: Այս ամենից կարելի է ենթադրել, որ պարոն Խաչատուրյանի լիազորությունների մեջ է մտնում միայն ծնունդներ շնորհավորելն ու դեսպաններին ընդունելը, իսկ թե այդ ընթացքում Հայաստանը կշարունակի արդյոք քարտեզի վրա լինել, կամ լինելու դեպքում էլ մարդ կմնա արդյոք ներսում, թե բոլորը կգերեվարվեն, միեւնույնն է: Կարճ ասած, եկե՛ք տխուր բաներից չխոսենք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը առաջիկայում հայտարարելու է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին: Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը հիմնական կազմով պատրաստվում է գնալ ավագանու աշխատանքներին եւ այնտեղ շարունակել իր գործունեությունը: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Թեւանյանը, ի տարբերություն Հայկ Մարությանի, որը հայտարարել է մանդատը վերցնելու մասին, վայր կդնի մանդատը եւ կշարունակի իր գործունեությունը՝ որպես ընդդիմադիր գործիչ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 13-ից։ Բրուտյանը մինչ այս՝ 2018 թվականի մայիսից, զբաղեցրել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ այս էլ նա կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր: Փոխնախարար Բրուտյանի կարիերան սկսվում է Համաշխարհային բանկի պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատուից մինչեւ պաշտպանության նախարարի տեղակալ։ Բրուտյանը 2016 թվականին, երբ եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ, հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս, եւ քանի որ նախկինում հայտարարագրերում չէր երեւում գույքի գնման ժամանակը, տեղանքը եւ գնման եղանակը, այդ պատճառով այլ մանրամասներ չենք ներկայացնում։ Այնուամենայնիվ, 2023 թվականին ներկայացված հայտարարագրից հասկանում ենք, որ Բրուտյանի բնակարանը ժառանգություն է, իսկ բնակելի տունը՝ նվիրատվություն։ Այս անգամ՝ 2023 թվականին, նա եւս մեկ անշարժ գույք ունի, որը ձեռք է բերել 2019 թվականին։ 2016 թվականին պաշտոնատար անձի արժեթղթերը եւ ներդրումները կազմել էին 50 հազար դրամ, փոխառությունները կազմել էին 55 հազար եվրո։ 2023 թվականին Բրուտյանի հանձնված եւ վերադարձված փոխառությունները բավականաչափ աճել են՝ կազմելով 79 մլն 314 հազար դրամ եւ 5 հազար եվրո։ Փոխառությունները, այսինքն՝ վարկերը, աճել են, քանի որ աճել են Բրուտյանի եւ՛ կանխիկ դրամական միջոցները, եւ՛ տարեկան եկամուտները։ Այսպիսով, ըստ 2016 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ փոխնախարարի դրամական միջոցները կազմել էին 25 մլն դրամ, 85 հազար դոլար եւ 58 հազար եվրո։ 2023 թվականին դրանք անգերազանցելիորեն աճել են՝ դառնալով 50 հազար եվրո, 40 հազար դոլար եւ 55 մլն դրամ, նաեւ բանկային հաշիվները կազմել են 856 հազար դրամ։ Բրուտյանի տարեկան եկամուտը այդ տարվա հունվարի մեկից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 5 մլն 749 դրամ։ Նույն տեմպով այս տարիների ընթացքում աճել են նաեւ եկամուտները գրեթե 4 անգամ՝ դառնալով 19 մլն 283 հազար դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն 286 հազար դրամ, որից 2-ը բնակելի տան հիփոթեք է, որը կազմում է տարեկան եկամտի կրկնակիից մի փոքր ավելի։ Հավելենք նաեւ, որ Բրուտյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն կինը՝ Անի Սարգսյանը, հայտարարագրել է 2018 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա, որը գնել է 2020 թվականին։ Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար, 2 մլն դրամ եւ 15 հազար եվրո։ Բրուտյանի կինը՝ որպես մասնագետ, աշխատում է ամուսնու նախկին աշխատավայրում՝ Պետական եկամուտների կոմիտեում, որտեղից էլ, որպես աշխատանքի վարձատրություն, ստացել է 997 հազար դրամ։