Երեւանի փոխքաղաքապետերից մեկի պաշտոնում, ինչպես արդեն հայտնել ենք, առաջադրվել է ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանի թեկնածությունը: Նա 2022թ.-ից Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է հանդիսանում:
Սարգիս Մադաթյանն ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Էդուարդ Մադաթյանի եղբորորդին է:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Սարգիս Մադաթյանի հետ:
-Պարո՛ն Մադաթյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում էին Անի Խաչատրյանի եւ Արտակ Զեյնալյանի թեկնածություններիը, ինչպե՞ս ստացվեց, որ Դուք առաջադրվեցիք քաղաքապետի տեղակալի պաշտոնում:
-Դա «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի որոշումն է եղել: Իմ թեկնածությունն առաջադրվեց, եւ քաղխորհուրդն ընդունեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես 2009-2014թթ.-ին աշխատել եմ քաղաքապետարանում՝ որպես մասնագետ: Այսինքն՝ հաշվի առնելով իմ մասնագիտական կարողությունները՝ առաջադրվեց իմ թեկնածությունն, ինչի համար շնորհակալ եմ: Անի Խաչատրյանի ու Արտակ Զեյնալյանի թեկնածության հարցը չի քննարկվել քաղաքական թիմում:
-Պարո՛ն Մադաթյան, փոխքաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ուստի ենթադրում է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլեւ քաղաքական փորձ: Հաշվի առնելով, որ Դուք ընդամենը մեկ տարի է, ինչ քաղաքական թիմի անդամ եք, արդյոք Ձեր քաղաքական փորձը բավարա՞ր է այդ պաշտոնը զբաղեցնելու համար:
-Ընտրություններից առաջ մենք նախընտրական ծրագիր էինք ներկայացրել ու մեծ ցանկություն ունենք մեր ծրագրեր իրականացնելու: Սա բարդ ճանապարհ է, որը պետք է անենք քաղաքական թիմով՝ ի շահ Երեւանի: Մեր ծրագիրը ոչ միայն քաղաքական են, այլ նաեւ պարունակում են մասնագիտական գործունեություն: Կարծում եմ՝ կկարողանամ իմ առջեւ դրված քաղաքական խնդիրները լուծել:
-Պարո՛ն Մադաթյան, ձեր քաղաքական ուժին մեղադրում են որպես ընդդիմադիր ներկայանալու, քաղաքացիներից ձայներ ստանալու, հետո դրանցով ՔՊ-ի հետ համագործակցության գնալու համար: Ստացվում է՝ ովքեր ձայն են տվել «Հանրապետության»-ը՝ համարելով ընդդիմադիր ուժ, իրականում ձայն են տվել ՔՊ-ին: Չե՞ք կարծում, որ սրանով դեմ եք գնացել ձեր սկզբունքներին:
-Այս մասով արդեն մեր քաղաքական ուժի ղեկավար Արամ Սարգսյանը եւ քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը հայտարարություն արել են, պարզաբանել են, մեր կուսակցության էջում դա կա, իմ կողմից հավելելու բան չունեմ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՊԵՏՔ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Աշտարակի ՔՊ-ի «սրտի քաղաքապետ» Թովմաս Շահվերդյանին նախաքննական մարմինը որոշել է, որ պետք է հարցաքննի։ Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահներին զանգեր են կատարել քաղաքապետին «փրկելու» հարցով: Բացի այդ, կատարված դեպքը փորձում են ջարդել «Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատիրոջ որդու գլխին։ ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին վիրավորում ստացած տարել էին հիվանդանոց: Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին, Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել: Եվ այսպես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ տարածքի հողի մասով, իր առարկությունները ներկայացրել, որից հետո հեռացել է: Նրա հեռանալուց հետո դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ կինո» է լինելու: Եւ մինչ ոստիկանները հսկում են տարածքը, դեպքի վայր է գալիս մոտ 40-հոգանուց խումբ, ու սկսում են քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոտիկանների ներկայությունը չի սաստում խմբի անդամներին դադարեցնելու «մարտաֆիլմը»: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանում է ավտոմատը ու կրակում, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվում է Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։ Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Ամեն դեպքում, մենք կհետեւենք քննության ընթացքին: