Ո՞ՒՐ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ 69 ՄԼՐԴ ԴՐԱՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել էր Արցախի ներդրումային հիմնադրամից փոխառություն ստացած 30 իրավաբանական անձանց տվյալները, որոնք ընդհանուր առմամբ հիմնադրամին պարտք են ավելի քան 69 միլիարդ դրամ գումար: Ընդհանրապես Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապված շատ մութ պատմություններ կան, որոնք երկար ժամանակ հանդիսացել են արցախցիների քննադատության ու քննարկման առարկան: Այդ թեման առավել արդիական է դարձել հատկապես հիմա, քանի որ տեղահանության հետեւանքով ՀՀ-ում հայտնված արցախցիներն անընդհատ ստեղծված իրավիճակի համար մեղավորներ են փնտրում, իսկ մեղավորների շարքում նաեւ պետական միջոցները ժամանակին անվերադարձ օգտագործած անձինք ու պաշտոնյաներն են դիտարկվում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Տիգրան Պետրոսյանի կողմից հրապարակված ցանկում ներառված կազմակերպությունները, պարզել է, որ դրանցից յուրաքանչյուրը կապված է հայաստանյան կամ արցախյան այս կամ այն պաշտոնյայի հետ: Օրինակ՝ «Ար Փաուեր» ՍՊ ընկերությունը ներկայացնում է «Մաղավուզի» քարածխի հանքը, որը հանդիսանում էր ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի հետ կապված «Էներգիա պլյուս» կազմակերպության իրավահաջորդը, եւ որը մինչ 2020թ. 44-օրյա պատերազմը օտարվել էր Արցախի ներդրումային հիմնադրամին:

«Գոլդ Սթար» ՓԲ ընկերությունը պատկանում էր շվեյցարահայ Վարդան Սերմաքեշին: Ընկերությունը զբաղվում էր ոսկու հումքի արտահանմամբ. հանքավայրը ներկայումս Ադրբեջանի տիրապետության տակ է:

«Դոմինիկ Սիստեմ» ՍՊ ընկերությունը կապվում է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Գագիկ Սարգսյանի հետ, որն Արցախում զբաղվում էր շինարարությամբ:

«Պետրոլ Սերվիս» եւ «Էվե Քոնսթրաքշն» կազմակերպությունները պատկանում են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մտերիմ Էդուարդ Վերդյանի ընտանիքին: Ցուցակում կան կազմակերպություններ, որոնք կապված են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի մտերիմ շրջանակի հետ, շոշափվում է Արցախում երկար տարիներ տարբեր պաշտոններ զբաղեցրած Կոմիտաս Կարապետյանի անունը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե հիշյալ պարտավորությունները բռնագանձելու համար ընդհանրապես հիմնադրամի կողմից միջոցներ ձեռնարկվել են, թե ոչ: Պարզվեց, որ թեեւ դրանք ժամկետանց պարտավորություններ էին վաղուցվանից, սակայն դատական կարգով բռնագանձման գործընթաց նախաձեռնվել էր 2023թ. հուլիս ամսից՝ Արցախի նախկին պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությամբ: Ի դեպ, Արցախի կառավարության մեր աղբյուրները հայտնեցին, որ Գուրգեն Ներսիսյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հիմնական պատճառը պայմանավորված էր հենց այդ գործընթացով: Պարզվել է նաեւ, որ հիմնադրամի կողմից դատարան ներկայացված հայցերը պետական տուրք չվճարելու պատճառով Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումներով վարույթ չէին ընդունվել, սակայն Գուրգեն Ներսիսյանի պահանջով դրանք բողոքարկվել են վերաքննության կարգով, առաջին ատյանի դատարանի ակտերը՝ բեկանվել, եւ հայցերը ընդունվել էին վարույթ, սակայն դրանից հետո որեւէ տեղեկություն չկա, թե դատարանը ինչ է արել այդ հայցերի հետ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի եւ առաջին ատյանի դատարանի նախագահի հետ, սակայն ապարդյուն:

Ս.Գ.

 

 

«ՄԻԳ ՏՐԱՆՍ» ՍՊԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Պետրոս Բելույան:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդված:

ՀՀ սնանկության դատարանի՝ թիվ ՍնԴ/3396/04/22 սնանկության գործով 02.10.2023 թվականին կայացվել է որոշում «ՄԻԳ ՏՐԱՆՍ» ՍՊԸ (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Ծովակ 1-ն նրբ. տ. 1, պետական գրանցման համար՝ 58.110.1157486, գրանցման ամսաթիվ՝ 11.01.2021թ, ՀՎՀՀ՝ 08424008) լուծարման վարույթ սկսելու եւ գործունեությունը կասեցնելու մասին:

Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղ., Սահմանադրության հրապարակ 29/1

Հեռ.` +374 94 899948:

Էլ. փոստ` [email protected]:

 

 

 

ՀԵՐԹԵՐ ԳՐԵԹԵ ՉԿԱՆ

Վերին Լարսի անցակետում՝ դեպի Ռուսաստան գնացող ուղղությամբ, հայկական բեռնատարների հերթեր գրեթե չկան, Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ որոշակի հերթեր առաջանում են: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Մուրադյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ իր հսկողության ներքո է պահում Վերին Լարսում իրավիճակը՝ գիտակցելով դրա կարեւորությունը: Ըստ նրա՝ վերջին 1 ամսվա ընթացքում 2 անգամ է եղել, որ, եղանակային պայմաններով պայմանավորված, բեռնատար մեքենաների համար որոշակիորեն սահմանափակվել է Վերին Լարսի անցակետով անցման հնարավորությունը, ինչը, սակայն, տեւել է ժամեր:

«Հայաստանից դեպի Ռուսաստան գնացող մեքենաների համար հերթերը գրեթե բացակայում են: Մեր մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանից դուրս գալուց հետո 1-2, մաքսիմում 3 օրվա ընթացքում անցնում են անցակետը»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Մուրադյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարի Ռուսաստանի գործընկերներն անցակետից մի քանի կմ հեռավորության վրա առանձին տարածք էին նախատեսել, որտեղ ԵԱՏՄ ապրանքների, այս դեպքում՝ Հայաստանից գնացող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացնում էին առանձնացված մաքսային հսկողություն: «Դա նպաստում էր մեր մեքենաների եւ ապրանքների նկատմամբ ավելի արագ, արտոնյալ մաքսազերծման գործընթացին: Վերջին տարվա ընթացքում այդ տարածքում տեղադրվել է 2-3 մաքսազերծման սարք, որ է՛լ ավելի արագ իրականացվի»,- նշեց Մուրադյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան եկող բեռներին, ապա ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց. «Որոշակի հերթեր առաջանում են տրանսպորտային միջոցների մեծ քանակի պատճառով: Երկու հանգամանք են ազդում դրա վրա՝ մեկը վրացական կողմում իրականացվող շինարարական աշխատանքներն են (Մենք մեր վրացի գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք, եւ իրենք, կախված ծանրաբեռնվածությունից, կարող են ուղղությունները փոխել՝ երեք ուղի դուրս, մեկ ուղի ներս կամ հակառակը: Այնուամենայնիվ, որոշակի փոքր հերթեր առաջանում են), մյուս հանգամանքն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում ընդունվել են արտահանման որոշակի սահմանափակումներ: Մաքսային օրենսգիրքն ասում է՝ եթե կան արտահանման որոշակի սահմանափակումներ, դրանց նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի այն արտահանողի մաքսային կետում, որտեղից արտահանվում է: Սա եւս երբեմն առաջացնում է նման հարցեր»:

Մուրադյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ եւս ակտիվ աշխատել են, հարկ վճարողներին էլ դրա մասին տեղեկացրել են, որ խոչընդոտներ չառաջանան:

 

 




Լրահոս