ՐԱՖՖՈՒ «ԽԵՆԹԸ»՝ ԹԱՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ կբարձրանա «Խենթը» ներկայացումը՝ ըստ Րաֆֆու համանուն վեպի։

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին: Բեմադրության ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է, որի խոսքով՝ շուրջ վեց ամիս տեւած աշխատանքներից հետո ներկայացումը հանձնում են հանդիսատեսի դատին:

«Այն, ինչ ապրում է յուրաքանչյուր հայ, այն արհավիրքները, որոնց ականատեսն ենք լինում՝ էթնիկ զտումներ, պատերազմ… այն, ինչ տեսանք, լսեցինք եւ զգացինք, մեծ վերք եւ հետք են թողել բոլորիս վրա: Կարծում եմ՝ սա այդ հետքի արտացոլանքն է։ Թվում է՝ ոչինչ չի փոխվել, պատմությունը կրկնվում է»,- նշում է Դավիթ Հարությունյանը։

Ռեժիսորն ընդգծում է, որ  ներկայացման խնդիրը մարդկանց հուզելու մեջ չէ, այլ  գոյի պահպանության մասին մտածելու, չցեղասպանվելու, ելքը գտնելու մեջ է: «Րաֆֆին երեւի չգիտեր, որ մարգարե է: Դեպքերը  կրկնվում են, եւ ամեն խնդրի սկզբնաղբյուրն ու պատճառները Րաֆֆին ներկայացնում է «Խենթը» վեպում»,- ասում է ռեժիսորը:

Ըստ նրա՝ ժամանակակից սերունդը պետք է հնարավորություն ունենա դիտելու այս ներկայացումը։ Ռեժիսորի խոսքով՝ «Խենթը» վեպում շատ պատգամներ, շատ իմաստներ, ամբարված մտքեր եւ թանկ խորհուրդներ կան, որոնք պահպանվել են  ներկայացման մեջ։

Հարությունյանը վստահեցնում է՝ հանդիսատեսը կտեսնի հրաշալի կերպարների, նոր դեմքերի, մարդկանց, որոնք նվիրված են եղել ներկայացման կայացմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում ստեղծագործական կազմին, որ իսկապես ջանք չի խնայել, որպեսզի ներկայացումը կայանա: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում պիեսի հեղինակին՝ Սուրեն Հարությունյանին, բեմադրող նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Եվանգուլյանին, զգեստների նկարիչ Մարինա Թադեւոսյանին, կոմպոզիտոր Վահան Արծրունուն, խորեոգրաֆ Անահիտ Ենոքյանին»,- եզրափակում է ռեժիսորը:

 

 

ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՎԻՐԱՀԱՏՎԵՑ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան վիրահատվել է «Մայնցի» դեմ խաղում (3:1) ձեռքի կոտրվածք ստանալուց հետո. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ընթացիկ մրցաշրջանում Գորեցկան «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

 

 

«ԻՆՏԵՐ»-Ը ՀԱՂԹԵՑ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Տորինո»-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել «Տորինո»-ի նկատմամբ խոշոր` 0:3 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Տուրամը, Մարտինես եւ Չախանօղլուն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ խաղին:

 

 

 

ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

ՈՒԵՖԱ 2023/24 Եվրոպայի կանանց մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող կանանց Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 21-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում. այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գեւորգյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստուհիներին.

Դարպասապահներ՝

Շողիկ Սարդարյան – «Ուրարտու»,

Ալեսիա Հաջաթյան – «Շիրակ»,

Սոֆի Հարությունյան – «Լեռնային Արցախ»:

Պաշտպաններ՝

Գայանե Գրիգորյան – «Լեռնային Արցախ»,

Նաիրա Կատիկյան – «Լեռնային Արցախ»,

Աննա Մարգարյան – «Արարատ-Արմենիա»,

Թամարա Սահակյան – «Շիրակ»,

Ռոզալինա Երիցյան – «Փյունիկ»,

Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու»:

Կիսապաշտպաններ՝

Վալենտինա Գրիգորյան – «Լեռնային Արցախ»,

Էմմի Սարգսյան – «Ուրարտու»,

Լուսինե Կոստանյան – «Ուրարտու»,

Սվետլանա Ալեքսանյան – «Արարատ-Արմենիա»,

Լաուրա Հովհաննիսյան – «Շիրակ»,

Թահլիա Ոսկանյան – «Ռեյդերս» (Ավստրալիա):

Հարձակվողներ՝

Միլենա Սայադյան – «Ուրարտու»,

Նարինե Իսկանդարյան – «Արարատ-Արմենիա»,

Միլենա Ավետիսյան – «Շիրակ»,

Սուսաննա Վարդումյան – «Փյունիկ»:

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին՝ մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Հոկտեմբերի 27-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը, իսկ երրորդ տուրում հոկտեմբերի 30-ին մեր թիմը կմրցի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։

 




Լրահոս