ՄԵԾ ԾԱԽՍԵՐ՝ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Տիգրան Ավինյանի երդմնակալության համար 87 միլիոն դրամից ավելին հատկացնելուն, ավագանիում «Հանրային ձայն»-ի, Հայկ Մարությանի եւ Զարուհի Փոստանջյանի հետ աշխատելուն, ինչպես նաեւ Երեւանում առկա խնդիրների լուծմանը:

 

-Նախ սկսենք վերջերս մեծ աղմուկ բարձրացրած հարցից. քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարեց, որ Տիգրան Ավինյանի երդմնակալության համար շուրջ 87 միլիոն դրամ է հատկացվել: Պարո՛ն Գալջյան, այս պայմաններում, երբ տեղահանված արցախցիների մի մասի հարցը դեռ լուծված չէ, մայրաքաղաքում եւս շատ առաջնահերթ խնդիրներ կան, որքանո՞վ է պատեհ նման մեծ ծախսեր անելը երդմնակալության համար, որը ընդամենը մի քանի ժամ է տեւել:

-Նախ պետք է նշել, որ Ձեր հարցի կապակցությամբ արցախցիների կարիքների հոգման համար պետությունը անհրաժեշտ բոլոր միջոցները  կիրառում է եւ ֆինանսական մեծ միջոցներ է տրամադրել, արդեն շուրջ 100 միլիոն դոլարի կարգի դուրս է գրվել, եւ մենք չենք տեսնում առնվազն զանգվածային բողոքի ալիք, որ իրենց հարցերը պետությունը չի հոգում: Իհարկե, կան խնդիրներ նաեւ. բնականաբար, 100000 մարդու մուտքը Հայաստան չէր կարող առանց խնդիրների անցնել, բայց, ըստ էության, հիմնական  խնդիրները պետությունը հոգում է, եւ եթե ասենք, որ  պետական բյուջեում գումար չկա, եւ պետք է ստիպված միայն առաջին անհրաժեշտության կարեւոր ծախսերն անենք, ես կհասկանայի: Վերջին տարիներին թե՛ պետական բյուջեի եկամուտների աճը, թե՛ համայնքային բյուջեի եկամուտների աճը  թույլ է տալիս, որ համայնքը եւ պետությունը հավուր պատշաճի միջոցառումներ իրականացնեն պետական մակարդակի հարցերում, արարողակարգային հարցերում եւ միեւնույն ժամանակ հոգալ մեր քաղաքացիների, հայրենակիցների սոցիալական հարցերը:

Ինչ վերաբերում է 87 միլիոնին, պետք է նշեմ, որ 14 միլիոնը հարկ է, այսինքն՝ պետական բյուջե է մուտքագրվել, իսկ մնացած մոտ 70 միլիոնի 50 տոկոսին արվել են այնպիսի ծախսեր, որոնք մնայուն են, այսինքն՝ արվել են այնպիսի ծախսեր, գնվել են այնպիսի դեկորացիաներ, որոնք հետագա տարիներին Երեւանի քաղաքապետարանը կարող է օգտագործել եւ կրկին նոր ծախս չի նախատեսի: Այս առումով ես կարեւորում եմ, որ Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը, անկախ նրանից, թե ով է քաղաքապետը, անկախ անձից, մեր քաղաքի պատմության մի մասն է: Եթե մենք, պատմություն ասելով, նկատի ունենք անցյալը, պետք է հասկանանք, որ այսօր մեր գործողությունները կարող են դառնալ պատմության մի մաս, եւ մեր ապագա սերունդները նայելու են՝ տեսնեն, թե ինչ է եղել նախկինում:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԿԶԲԱՂՎԻ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված՝ Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ փաստաբանական պալատի կողմից 2021թ. ստացած արտոնագրի հիման վրա, սկսել է զբաղվել փաստաբանությամբ:

Հետաքրքրական է, որ Գուրգեն Ներսիսյանն աշխատանքի է անցել LSA փաստաբանական գրասենյակում (https://legalservices.am), որը պատկանում է նախկին դատավոր Արսեն Սարդարյանին: Մեր տեղեկություններով՝ Արսեն Սարդարյանը մի քանի տարի աշխատել է դատական համակարգում, այդ թվում՝ Արցախում:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Գուրգեն Ներսիսյանի հետ, որը հաստատեց լուրը եւ հայտնեց, որ փաստաբանությամբ զբաղվել էր նաեւ 2020թ.՝ Արցախի Հանրապետության դատախազության համակարգից դուրս գալուց հետո, սակայն այն ընդհատվել էր 2020թ. 44-օրյա պատերազմի պատճառով:

Մեր այն հարցին, թե, նոր գործունեությամբ պայմանավորված, կան արդյոք Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի նախկին նախագահներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու ծրագրեր, Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ այդ գործընթացին անմիջականորեն ներգրավվելու մի շարք խոչընդոտներ կան. «Բայց իմ մասնագիտական եւ գործնական հնարավորությունների սահմաններում որոշակի աջակցող աշխատանքներ կատարելու նպատակներ ունեմ, ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն նախկին նախագահներին, այլեւ Ստեփանակերտում կամ ՀՀ տեղափոխվելիս ձերբակալված մյուսներին: Հասկանալի պատճառներով զերծ կմնամ այդ անելիքների մասին հրապարակային խոսելուց»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԿՈՉ Է ԱՐԵԼ

Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը Իսրայելի եւ արմատական պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջեւ, որը սպանում է խաղաղ բնակիչներին։ Նա համապատասխան հայտարարություն է արել՝ ելույթ ունենալով Խորհրդատվական խորհրդի (Միապալատ խորհրդարան) 52-րդ նստաշրջանի բացմանը։

«Անմեղ մարդկանց սպանությունն անընդունելի է` անկախ նրանից, թե նրանք ինչ ազգության են, եւ որ կողմն է հարվածողը: Մենք տարածաշրջանի երկրներին եւ աշխարհին կոչ ենք անում ամուր դիրքորոշվել այս սրման դեմ, որը սպառնում է Մերձավոր Արեւելքի եւ մերձավորարեւելյան անվտանգությանը: Մենք նաեւ կոչ ենք անում դադարեցնել այս պատերազմը, որն արդեն դուրս է եկել բոլոր հնարավոր սահմաններից»,- ասել է էմիրը:

«Մենք ցանկանում ենք հարցնել նրանց, ովքեր կանգնած են այս պատերազմի հետեւում եւ չեն ընդունում այլընտրանքային սցենարներ: Ի՞նչ կլինի դրանից հետո: Կլինի՞ խաղաղություն եւ անվտանգություն եւ՛ իսրայելցիների, եւ՛ պաղեստինցիների համար: Ո՞ւր են գնալու պաղեստինցիները պատերազմից հետո: Պաղեստինի ժողովուրդը մնում է, եւ նրա հետ մնում է նրա տառապանքը: Այս պատերազմից հետո մենք միայն վիշտ ենք ստանալու, աճող զոհեր եւ դրա հետ կապված անարդարության խոր զգացում»,- հավելել է Էմիրը։

«Երկու ժողովուրդների կայունությունն ու անվտանգությունը երաշխավորելու միակ ճանապարհը արդար եւ կայուն խաղաղություն հաստատելն է եւ Պաղեստինի ժողովրդին հնարավորություն տալը իրականացնելու իր բոլոր օրինական իրավունքները, ինչպես սահմանված են միջազգային կազմակերպությունների կողմից, մասնավորապես՝ սեփական պետություն ստեղծելու իրավունքը»,- ընդգծել է Քաթարի ղեկավարը։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՀՐԱՀԱՆԳԸ

Շուրջ մեկամսյա դադարից հետո ՔՊ-ականները ուրբաթ օրը վարչության նիստ են արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Չնայած որ Արցախը կորսված է, իսկ Հայաստանը՝ նոր պատերազմի շեմին, Փաշինյանի ու ՔՊ-ականների համար առաջնային խնդիր մնում է իշխանության պահպանման հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստում իր թիմակիցներին ասել է, թե հիմա էլ ռուսներն են ուզում իրենից իշխանություն վերցնել, ուստի պետք է իշխանության պահպանման համար կոշտ ու հստակ քայլեր ձեռնարկել: Բանն այն է, որ Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, որ իր իշխանության հակառուսական քայլերն անհետեւանք չեն կարող մնալ, եւ իրենց վարած անկայուն արտաքին քաղաքականության հետեւանքով ՌԴ-ն այլեւս Հայաստանին վստահելի գործընկեր չի համարում, ցանկանում է՝ Հայաստանում իշխանության փոփոխություն տեղի ունենա: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հրահանգել է առաջին հերթին գործի դնել իրենց հիմնական զենքը, այն է՝ պառակտել եւ խժդժություններ մտցնել հանրության մեջ: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի արցախցիները շարունակեն այստեղ ակցիաներ իրականացնել, Հայաստանի իշխանություններից եւ իրավապահ մարմիններից իբրեւ արցախցի պահանջեն «թալանչիների» դեմ պայքար սկսել, Արցախի նախկին երեք նախագահներից արդարություն պահանջեն: Այլ կերպ ասած, Փաշինյանն ամեն գնով ցանկանում է հասնել Արցախի ղեկավարության հեղինակազրկմանը: Առաջնային թիրախում Սամվել Շահրամանյանն է. պետք է ամեն ինչ անել, որպեսզի դժգոհության սլաքները ուղղվեն դեպի Շահրամանյանը: Փաշինյանն այսքանով, սակայն, չի ցանկանում սահմանափակվել: ՔՊ-ականներին նա հրահանգել է, որպեսզի հայ հանրության մեջ խորացնեն հակառուսական տրամադրությունները, ամեն հնարավոր միջոցներով հայտարարեն, թե նախկինները ուզում են հետ գալ Ռուսաստանի օգնությամբ: Իր այս ծրագրերին հասնելու համար նա հրահանգել է գործի դնել ողջ ռեսուրսները՝ «ֆեյքեր», արեւմտամետներ, պատգամավորներ, ու ցանկացած հարթակով այս թեզերը առաջ տանել: Հիմա էլ արդեն իշխանական պատգամավորները իրենց տրամադրության տակ գտնվող մեդիառեսուրսներով սկսել են աշխատանքները, որին նաեւ Սամվել Բաբայանն է իր փոքրաթիվ թիմով միացել: Տեսնենք՝ ինչ կստացվի:

 

 




Լրահոս