«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի հնչած կրակոցներից։ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություներ հասան այն մասին, որ Աշտարակի քաղաքապետի, նրա տեղակալի եւ այլ համայնքների ղեկավարների մասնակցությամբ միջադեպի գործով դատարանը որոշումներ է կայացրել։
Մասնավորապես, կրակոցների գործով, դատարանի որոշմամբ, կալանավորվել են Կարեն Պետրոսյանը եւ Արսեն Մանուկյանը, իսկ Աժ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի, Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանի եւ Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի ընկած հատվածում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի՝ վիրավորում ստացած տեղակալին տարել էին հիվանդանոց: Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրիի Սահակյանին, Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց:
Նշված անձանց նկատմամբ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քր. օր.-ի տարբեր հոդվածներով, որպես կասկածյալների, մեղադրանքներ են առաջադրվել, եւ նրանք տեղափոխվել են ձերբակալվածների պահման տարբեր վայրեր:
Կոնկրետ ի՞նչ է կատարվել:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում հողի վրա աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ տարածքի հողի մասով, իր առարկությունները ներկայացրել, որից հետո հեռացել է: Նրա հեռանալուց հետո դեպքի վայր են գալիս ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստանում, որ նշված հասցեում «մարտաֆիլմ կինո» է լինելու, ու մինչ ոստիկանները հսկում են տարածքը, դեպքի վայր է գալիս մոտ 40-հոգանուց խումբ, ու սկսում են քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոտիկանների ներկայությունը չի սաստում խմբի անդամներին դադարեցնել «մարտաֆիլմը»: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանում է ավտոմատը ու կրակում, որպեսզի սաստի ներկաներին, ու կրակոցներից վիրավորվում է Աշտարակի քաղաքապետի տեղակալը ու եւս մեկ անձ։
Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ. ինչեւէ, քննությունը կպարզի, իսկ մենք կհետեւենք քննության ընթացքին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԲԱԺՆԻ ՊԵՏԻՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կադրերի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել: Արմեն Գաբրիելյանը, լինելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կադրերի բաժնի պետ, ՀՀ զինված ուժերում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, այսինքն՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, շահադիտական շարժառիթով կեղծ պաշտոնական փաստաթղթերի հիման վրա ՊԲ ֆինանսական դրամարկղից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու վերաբերյալ 2013թ. դեկտեմբերին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՊԲ ֆինանսական բաժնի հաշվարկային բաժանմունքի հաշվապահ Նելլի Հրանտի Խաչատրյանի եւ նույն բաժնի հաշվապահ-գանձապահ Գայանե Ալեքսանդրի Գրիգորյանի հետ:
Հանցավոր համաձայնությունն իրագործելու եւ հանցավոր վերջնարդյունքին հասնելու նպատակով կատարվել է դերաբաշխում, ինչի արդյունքում 2014-2018թթ. ընթացքում Արմեն Գաբրիելյանը, Նելլի Խաչատրյանը եւ Գայանե Գրիգորյանը խմբի կազմում ՊԲ ֆինանսական բաժնի դրամարկղից մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 124 միլիոն ՀՀ դրամ:
ԾԵԾԿՌՈՒՔ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էդգար Աֆյանին մեղադրանք է առաջադրվել:
Նա 2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 13:00 սահմաններում, գտնվելով Երեւան քաղաքի Մարշալ Բաղրամյան 40 հասցեում գտնվող «Հայաստանի Ամերիկյան համալսարան»-ի դիմաց, նույն համալասարանի ուսանող Խաչիկ Ենգիբարյանի հասցեին «ռեպլիկ թողնելու» հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ։
Դրանից հետո, հիշյալ չնչին առիթը որպես պատճառ օգտագործելով, նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, գործով դեռեւս չպարզված այլ անձանց հետ միասին դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, «Մազդա» մակնիշի, 96 AA 555 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Վերին Անտառային 138/3 հասցեի մոտ հարվածել է Խաչիկ Ենգիբարյանին պատկանող «Վազ 21214 Նիվա» մակնիշի, 68 XX 258 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջեւի ձախակողմյան հատվածին։
Արդեն այս միջադեպից հետո «Վազ 21214 Նիվա» մակնիշի ավտոմեքենան աջակողմյան հատվածով բախվել է նույն վայրում կայանված «Տոյոտա կոռոլա» մակնիշի ավտոմեքենային եւ արգելակել ընթացքը, որից հետո, իջնելով մեքենայից, գործով դեռեւս չպարզված անձանց հետ միասին խախտելով մարդկային համակեցության կանոնները եւ արհամարանք դրսեւորելով վերջինիս հանդեպ, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երեւան քաղաքի Վերին Անտառային 138/3 հասցեի մոտ գտնվող, ինչպես նաեւ այդ հատվածով անցնող անձանց ներկայությունը, միմյանց գործողությունները լրացնելով, որպես զենք օգտագործվող ատրճանակով, ինչպես նաեւ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Խաչիկ Ենգիբարյանին, ինչի հետեւանքով վերջինիս պատճառել է առողջության թեթեւ վնասվածքներ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱՄՈՒՍԻՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ 2023թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում 24-ամյա կինը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:30-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ամուսինը ձեռքերով, ոտքերով, մկրատով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին, հատուկ լուծույթով ցանկացել է հրկիզել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդ կինը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 2023թ. հոկտեմբերի 22-ին՝ գիշերը, երիտասարդ ընտանիքի բնակության վայր հանդիսացող Դավիթ Բեկ փողոցի ջրամբարին կից հողատարածքում գտնվող վագոն տնակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել ամուսինների միջեւ։ Դրա ընթացքում ամուսինը՝ Երեւան քաղաքի 31-ամյա բնակիչը, ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ հնչեցնելով սպանության սպառնալիքներ՝ մկրատով հարվածներ հասցնելով կնոջ դեմքի, կրծքավանդակի, ձեռքերի եւ ոտքերի հատվածներին։ Այնուհետեւ լուծիչ նյութ է լցրել կնոջ վրա եւ կրակայրիչով այրել: Կինը վերմակով ծածկվելու արդյունքում կրակը մարել է, որից անմիջապես հետո դուրս է եկել վագոն տնակից եւ դիմել փախուստի:
Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վագոն տնակի մոտ հայտնաբերվել եւ վերցվել է այրված հետքերով վերմակ եւ լուծիչ նյութի տարա: Վագոն տնակի պատուհանի եւ առաստաղի հատվածները եղել են մրոտված։ Նշանակվել են դատաբժշկական, դատանյութագիտական փորձաքննություններ: Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ կնոջ ամուսնու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 9-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու որոշում։
Իրականացված միջոցառումների արդյունքում ամուսինը հայտնաբերվել, ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Քննիչի կողմից նրան ներկայացվել է մեղադրանք՝ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: