ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ անդրադարձ էինք կատարել Իջեւանի համայնքապետարանի գործունեությանը եւ նշել էինք, որ ամիսներ առաջ կնքվել է աղբամաններ եւ ծաղկամաններ ձեռք բերելու պայմանագիր, որոնք մինչ օրս չեն տեղադրվել համայնքում։

 

Հրապարակմանը հաջորդել էր Իջեւանի համայնքապետարանի պարզաբանումը։ Վերջիններս հղում էին կատարել «Գնումների մասին» օրենքի տասնհինգերորդ հոդվածի վեցերորդ կետին եւ հայտնել, որ հիշյալ գույքը ձեռք չեն բերել ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով։ Օրենքը թույլ է տալիս ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չկատարել պայմանագրով նախատեսված գնումը, իսկ պայմանագրի կնքումից վեց ամիս հետո այն մեխանիկորեն լուծվում է։

Այս ամենը տարօրինակ չէր լինի եւ հավելյալ հարցեր չէր առաջացնի, եթե մենք չստանայինք տեղեկատվություն, որ վերոհիշյալ գույքը, այնուամենայնիվ, ձեռք է բերվել։

Նոր մրցույթի մասին տեղեկատվություն գնումների օնլայն համակարգում չկա։ Կարելի է ենթադրել, որ այն կատարվել է մեկ անձից եւ չի հրապարակվել։ Պարզ է, որ խնդիրը ֆինանսը չի եղել, որովհետեւ գնումը կատարվել է։ Հետեւաբար հարց է առաջանում՝ ի՞նչը կարող էր դառնալ մրցույթում հաղթած եւ ամենացածր գին առաջարկած ընկերությունից ձեռք չբերելու պատճառ, եթե ոչ կոռուպցիոն ռիսկերը եւ դրանք ցանկալի մատակարարից ձեռք բերելու ցանկությունը։ Վերջապես ումի՞ց եւ ի՞նչ գնով են ձեռք բերվել այդ աղբամանները։ Առաջնորդվելով այս տրամաբանությամբ՝ կատարել ենք սեփական հետաքննությունը՝ ցանկալի մատակարարին որոնելով մրցույթին մասնակից չհաղթած ընկերությունների մեջ։ Ըստ տրամաբանության՝ այդ ընկերությունը պետք է մասնակցած լիներ մրցույթին եւ իր կամքից անկախ պայմաններում, ավելի կոնկրետ՝ թանկ գին առաջարկած լինելու հանգամանքով պայմանավորված՝ չհաղթեր մրցույթում։

Հիշյալ մրցույթին մասնակից ընկերությունների մասին հասանելի ինֆորմացիան՝ էլհասցե, գործունեության հասցե, ՀՎՀՀ, հեռախոսահամար, հրապարակված է մրցութային փաստաթղթերում։ Դրանցից միայն մեկը՝ «Հրայր Բաղդասարյան» ԱՁ-ն է, որ գրանցված է եւ իր գործունեությունն իրականացնում է իջեւանյան հասցեում։ Ի սկզբանե կենտրոնանալով այս ԱՁ-ի վրա եւ ուսումնասիրելով նրան վերաբերող հրապարակային տվյալները՝ «Հրայր Բաղդասարյան» ԱՁ-ին կցված հեռախոսահամարով կոնտակտ հայտնաբերեցինք «Վայբեր» մեսենջերում, որին կցված է նաեւ լուսանկար։ Այս լուսանկարով (կրառելով համացանցում լուսանկարներով որոնման գործիքներ) որոնում կատարելու արդյունքում հասկանալի դարձավ, որ լուսանկարի անձինք «Հրայր Բաղդասարյան» ԱՁ-ի սեփականատեր Հրայր Բաղդասարյանը եւ դեռեւս մեզ անհայտ ոմն Անահիտ Նազինյանն են, որոնք համատեղ լուսանկարներ ունեն նաեւ ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Դատելով լուսանկարներից՝ նրանք ամուսիններ են։ «Անահիտ Նազինյան» անուն-ազգանունը հանդիպում է նաեւ Իջեւանի համայնքապետարանի գնման փաստաթղթերում։ Իջեւանի համայնքապետարանի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ նա համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետի տեղակալն է եւ հավանաբար համակարգում է հենց գնումների գործընթացը։ Մեր կողմից ուսումնասիրված գնման փաստաթղթերում կա մի փաստաթուղթ, որտեղ Նազինյանը մրցութային հանձնաժողովի այլ անդամների հետ ստորագրությամբ փաստում է, որ մրցույթին մասնակից ընկերությունների հետ, որոնցից առնվազն մեկը պատկանում է իր ամուսնուն, չունի շահերի բախում։

Համադրելով ներկայացված փաստերը՝ դժվար չէ կռահել, թե ինչու գնման ընթացակարգով նախատեսված ապրանքները ձեռք չեն բերվել հաղթող ընկերությունից։ Ի՞նչն է օրենքներին հղում անելով, սակայն ակնհայտորեն արհեստական խոչընդոտներ ստեղծելու միջոցով արդեն իսկ կնքված մատակարարման պայմանագիրը չեղարկման հասցնելու պատճառը։ Խնդիրը ֆինանսը չէ, նախատեսված ապրանքները ձեռք են բերվել, պարզապես՝ ուրիշ մատակարարից։ Վերջապես ո՞րը կարող է լինել հավանական մատակարարը, որից իրականացվել է գնումը, եւ ի՞նչ հնարավոր ռիսկեր կարող է պարունակել այս գործընթացը։

 

 

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋ

Հայաստանում բուժաշխատողների համար սահմանվում է անհատական լիցենզիայի պահանջ, օրդինատուրայում սովորողները եւս լիցենզիա կստանան: «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝  «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ-ում այն ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Կառավարությունը հանձն է առել մասնագիտական անհատական լիցենզիայի ներդրում, վերագործարկում: Դրան էլ ուղղված է օրենսդրական այս փաթեթը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2023թ.-ի հունվարից ուժի մեջ է մտել բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման պարտադիր պահանջը, եւ 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արդեն 35 հազար բուժաշխատողներ անցել են ամբողջ գործընթացն ու ստացել հավաստագրեր:

«Հաջորդիվ Հայաստանում գործարկելով նաեւ լիցենզավորման պահանջը՝ կունենանք մասնագիտական հմտությունների, գիտելիքների անընդհատ թարմացում: Բացի այդ, հնարավորություն կունենանք բժշկական սխալների կամ էթիկական նորմերի խախտման պարագայում նաեւ որոշակի վերահսկողություն ունենալ մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողների նկատմամբ»,- ասաց Ավանեսյանը:

Օրենքն ուժի մեջ կմտնի ավագ բուժաշխատողների համար մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորների եւ ռեզիդենտների համար՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Օրենքը նախատեսում է անհատական լիցենզիայի երկու տեսակ՝ ժամանակավոր եւ ամբողջական գործարկված անհատական լիցենզիա: Այս տարբերակումը հնարավորություն կտա կլինիկական օրդինատորներին բուժաշխատողի հսկողության տակ իրականացնել նաեւ սահմանափակ մասնագիտական գործունեություն, այսինքն՝ հմտանալ գիտելիքների մեջ:

Լիցենզավորման համակարգը, ըստ նախարարի, լրացնելու է արդեն գործող հավաստագրման համակարգը: Լիցենզավորումը լինելու է պարբերական: Ավանեսյանի խոսքով՝ այսպիսով բուժաշխատողները պետք է ժամանակի ընթացքում անընդհատ թարմացնեն իրենց գիտելիքներն ու հնարավորություն են ունենալու ապացուցելու էթիկական նորմերի մասով իրենց պատրաստվածությունը:

 

 

 

ԴԵԲԵԴԸ՝ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ

Մի քանի տարի առաջ Տավուշի մարզի  Բագրատաշեն գյուղի  բնակիչներից մեկը Դեբեդ գետում իր որսացած ձուկը,  որպես  նվեր, հյուրասիրելու  էր ուղարկել Ռուսաստանում բնակվող իր ընկերոջը։ Նվեր ստացածը  ձուկը  տարել էր լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել էր, որ Դեբեդի  ձկան մեջ շատ մեծ քանակ են կազմում ծանր մետաղները, ձուկն ուտելի չէ, ավելին՝ այն վտանգ է  ներկայացնում ուտողի առողջության համար։ «Կողբա գինիներ» գործարանի հիմնադիր, գինեգործ Գագիկ Աղաբաբյանը Տավուշի մարզի Կողբ գյուղում  գործող իր գործարանի արտադրանքը արտահանելու նպատակով Դեբեդավան գյուղում  աճեցված «Լալվարի» տեսակի խաղողը  փորձաքննության է ուղարկել Իտալիա, որտեղ փորձաքննության ենթարկված խաղողի նմուշներում բազմաթիվ ծանր մետաղներ են հայտնաբերվել, դրանք քանի տասնյակ անգամ գերազանցել են թույլատրելի նորման։ 2022 թվականից  «Կողբա գինիներ»-ի հետ համագործակցող  իտալական ընկերությունը  հայտարարել է, որ եթե     «Կողբա գինիներ»-ը շարունակի  Դեբեդավանում աճեցված, Դեբեդի ջրով ոռոգված  խաղող  մթերել, իրենք  այլեւս չեն համագործակցի  այդ  ընկերության հետ։

Գագիկ Աղաբաբյանը սրտի ցավով ստիպված  է եղել  հրաժարվել Դեբեդի  հովտում աճեցված խաղողն ընդունելուց: Բագրատաշենի  ենթաշրջանի այգեգործները հայտնում են, որ Լոռու մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների  պոչամբարներից  աղտոտված ջուրը Դեբեդ գետ  բաց են թողնում գիշերները, որպեսզի մոխրագույն գետը  այգեգործների աչքին չզարնի։ Դեբեդի հովտի շատ այգիներ գետի աղտոտված  ջրով ոռոգելուց հետո չորացել են։ Այս տարվա ապրիլին   Լոռու մարզի  Թեղուտ գյուղում կայացել են  Թեղուտի հանքի արդյունահանման թույլտվության ժամկետը 13 տարով երկարաձգելու, հանքավայրի ընդլայնման նախագծի վերաբերյալ հանրային  լսումներ։ Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է Թեղուտի հանքավայրը վերստին շահագործել, այդտեղ տարեկան արդյունահանել 7 միլիոն տոննա հանքաքար։ Լոռու մարզում գործող մետաղական հանքերը եւ հանքաքարը վերամշակող ընկերությունները  շուրջ  20 տարի սպառնալիք են Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի՝ Դեբեդի հովտի պտղատու այգիների համար։ Տավուշի մարզպետ  Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով, թե Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները երբ են գումարներ փոխանցելու Նոյեմբերյան համայնքի այն բնակավայրերին, որոնք տուժում են ծանր մետաղներով  հագեցած Դեբեդի ջրով իրենց այգիները ոռոգելուց։ Մարզպետը հայտնել, որ  դա նախատեսված է  2024 թվականին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս