ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում բնակարան գնելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստանալիս քաղաքացիների համար կարեւոր է հետեւյալ տեղեկատվությունը. հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են վճարված եկամտային հարկի գումարների չափով, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը /ՀՀ հարկային օրենսգիրք, 160-րդ հոդված/:

 

Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը, եւ ավելանում է մայր գումարների չափը։

Եթե ֆիզիկական անձը չի հանդիսանում կամ դադարում է հանդիսանալ վարձու աշխատող, ապա համապատասխանաբար չի օգտվում կամ դադարում է օգտվել եկամտային հարկի վերադարձման համակարգից:

Եկամտային հարկը չի վերադարձվում՝

l 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում:

l 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ երկրորդ գոտում։

l 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ երրորդ գոտում։

2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձ չի գործելու Երեւանի տարածքում։

Նշված սահմանափակումները չեն կիրառվում մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաեւ մինչեւ վերոնշյալ փոփոխությունը ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:

Պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո անհրաժեշտ է գրանցվել  «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ»-ում եւ ուղարկել էլեկտրոնային դիմումն ընդհանուր սահմանված կարգով:

Վարկառուն, էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից բացի, հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնում, բացառությամբ ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում:

Տվյալ դեպքում մինչ էլեկտրոնային եղանակով դիմումն ուղարկելը թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվում է հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների եւ դրանցից հաշվարկված ու ՀՀ պետբյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված եւ գործատուի կողմից հաստատված տեղեկանք:

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության նպատակով մինչ այժմ ՀՀ կառավարության կողմից բոլոր ծրագրերի համար ընդհանուր առմամբ 53 միլիարդ դրամ հատկացնելու որոշում է կայացված։

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ մանրամասնելով, որ  100 հազար դրամի չափով աջակցության շրջանակներում արդեն հատկացվել է 10 միլիարդ դրամ։

«Իհարկե, կարծում ենք, որ լրացուցիչ հատկացումները կվերջնականացվեն միջոցառումը փակելուց առաջ։ Հնարավոր է, որ հանրագումարով այդ գումարը հասնի 11 միլիարդի։ Կատարվել էին եւս մի քանի վճարումներ, հիմնականում՝ մարզպետարաններին, որոնք տեղերում ապահովում են մեր հայրենակիցներին սննդով եւ կեցության տարբեր պայմաններով։ Այդ ուղղությամբ տարբեր միջոցառումների շրջանակներում ծախսել ենք մոտ 3 միլիարդ դրամ։ Հատկացում ենք կատարել նաեւ 40 գումարած 10-հազարական դրամներին առնչվող միջոցառման նպատակով 2 մլրդ դրամ, իսկ եւս 3 մլրդ դրամը, ամենայն հավանականությամբ, կհատկացնենք այս շաբաթվա ընթացքում։ Հաջորդ 5 ամիսների ընթացքում, բացի հոկտեմբերի համար նախատեսվածը, կեցության ծախսերի փոխհատուցման նպատակով կհատկացվի եւս 25 մլրդ դրամ»,- հավելել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝  այսօր հայտարարված  դրամական աջակցության նոր ծրագրի նախնական գնահատականը կազմում է մոտ 5 մլրդ դրամ, իսկ կամ երկու ամիսների հանրագումարով՝ 10 մլրդ դրամ։

 

 

 

ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ

«Ռիա Նովոստի»-ի տեղեկություններով՝ ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեության համար վարորդական իրավունքի վկայականները ճանաչելու հարցի քննարկումը. այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։

«Պետդումայի պատգամավորները որոշեցին անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ քաղաքացիների՝ ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։ Առաջին ընթերցմամբ կառավարության նախաձեռնած օրինագիծն ընդունվել էր 2022թ.»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։

Ինչպես քննարկման ժամանակ նշեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին տալ լրացուցիչ նախապատվություններ՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը եւ կառավարությունը որեւէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ: Այս հիմքով է որոշում ընդունվել Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական վկայականների օգտագործումը թույլատրելու մասին:

 

 

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Երկրորդ ընթերցմամբ Հայաստանի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ շահումով խաղերի մասնակցող յուրաքանչյուր անձ կարող է իր խաղային հաշիվը լիցքավորել միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: Այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով օրենքի նախագիծը։

«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հանձնաժողովում տեղի է ունեցել հեղինակների եւ հանձնաժողովների անդամների մասնակցությամբ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, մասնավորապես՝ ֆինանսների, էկոնոմիկայի, պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, մասնավոր սեկտորի եւ ոլորտում ներգրավված բոլոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Քննարկումների արդյունքում որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, եւ իմ կողմից առաջարկներ են եղել»,- ասաց Պապոյանը։

Պապոյանը ներկայացրեց իր կողմից ներկայացված երեք առաջարկները։

«Առաջին հերթին առաջարկել ենք հետաձգել օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը։ Այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի ապրիլի 1-ից, որովհետեւ բանկային համակարգը եւ բիզնեսը պետք է ներդրումներ անեն դրա համար եւ տեխնիկական լուծումներ պետք է տան, որը ժամանակ է պահանջում։

Երկրորդ առաջարկով հստակ սահմանել ենք, որ խաղերի կազմակերպիչները հարցումներ են անում բանկերին, եւ բանկերը պարտավոր են տալ տվյալներ։ Այսինքն՝ հստակեցրել ենք, թե ով եւ ինչ պատասխանատվություն ունի եւ ինչ իրավունք ունի այս գործընթացում։

Երրորդ առաջարկն այն է, որ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այս օրենքի նախագիծը չի վերաբերի։  Այն վերաբերելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- ասաց Պապոյանը։

 

 

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ի փոփոխություն «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի 24.08.2023թ. թիվ 117 (2783) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման» եւ 04?10?2023թ? թիվ 138 (2804) եւ 13?10?2023թ? թիվ 144 (2810) համարների 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման փոփոխությունների», տեղեկացնում ենք, որ «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված, «Էլեկտրոն» ԲԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք? Երեւան, Շենգավիթ, Շարուրի փողոց, 37/37 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդային փուլերը 30.10.2023թ.-ից շարունակվելու են 605000000 ՀՀ դրամ մեկնարկային գնով` «Հրապարակային ծանուցման» մեջ նշված ընթացակարգով:

Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am կայք:

«Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ:

 

 

 




Լրահոս