Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում աշխարհահռչակ տենոր Ռամոն Վարգասն առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Համերգը, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն սիրված արիաներ եւ նախերգանքներ համաշխարհային օպերաներից:
«Ես փորձելու եմ այստեղ հատուկ ծրագիր ներկայացնել եւ ընտրել եմ այն ստեղծագործությունները, որ կատարել եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում, կլինեն նաեւ գործեր, որոնք կատարում եմ վերջին ամիսներին: Երկարատեւ դադարից հետո այս տարի կատարել եմ հատված «Կարմեն» օպերայից»,- հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տենորը:
Նա առաջին անգամ է այցելում Հայաստան եւ չի հասցրել լավ ճանաչել հայկական մշակույթը, սակայն ունի հայ ընկերներ, որոնց հիանալի մարդիկ ու մասնագետներ է համարում: Ասում է՝ նրանցից է երգչուհի Կարինե Բաբաջանյանը:
«Ձեր երկրի նկատմամբ մեծ համակրանք ունեմ, ուստի ուրախ եմ, որ այստեղ ելույթ ունենալու առիթ է ստեղծվել: Ես հավանում եմ Հայաստանի բնակիչներին, եղանակը, սնունդն ու երաժշտությունը եւ մեծ բավականություն եմ ստանում այդ ամենից»,- նշեց Վարգասն ու անդրադարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ շեշտելով, որ այն հրաշալի է, բացառիկ է, իսկ Թոփչյանը մեծանուն դիրիժոր է:
Նրա խոսքով՝ մշակույթն ու արվեստը, մասնավորապես՝ երաժշտությունը, համախմբում են մարդկանց, ուստի հատկապես այս օրերին այն չափազանց անհրաժեշտ է:
Ռամոն Վարգասն աշխարհի առաջատար օպերային երգիչներից է: 1992 թվականին Մետրոպոլիտեն օպերայում Լուչանո Պավարոտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո նա դարձել է աշխարհի գլխավոր թատրոնների ցանկալի հյուրը: Դրան հաջորդել է նրան դեբյուտը Լա Սկալայում. այժմ Վարգասը մշտապես ելույթներ է ունենում Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, Լոնդոնի Թագավորական թատրոնում, Լա Սկալայում, Մետրոպոլիտենում, Մադրիդի Թագավորական թատրոնում, Փարիզի Օպերա Բաստիլում, Սան Ֆրանցիսկո օպերայում, Վիեննայի պետական օպերային թատրոնում, Արենա դի Վերոնայում եւ այլուր:
ՊԱՈՒԵՐԼԻՖՏԻՆԳԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐ
Գավառում անցկացվել է ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) IRON EURASIA-7 միջազգային մրցաշարը։
Մրցաշարին մասնակցել է 147 մարզիկ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից. մրցաշարն առցանց եղանակով անցկացվել է նաեւ Էստոնիայի, Լիտվայի, Ուկրաինայի եւ Անգլիայի մարզիկների համար։
Հայաստանը թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ վաստակելով 979 միավոր: Երկրորդ տեղում Իրանի թիմն է՝ 421 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի թիմը՝ 173 միավորով:
Հայ մարզիկներն աշխարհի ռեկորդով բացարձակ հաղթողներ են դարձել «Ձգում» վարժությունում: 302.5 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել եւ ոսկե մեդալ նվաճել Արտյոմ Խուգոյանը՝ 179.600 միավորով: Երկրորդ տեղում Սերոբ Սիմոնյանն է (աշխարհի ռեկորդ՝ 270 կգ, 164.320 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լաբեր Գրիգորյանը (աշխարհի ռեկորդ՝ 265 կգ, 156.300 միավոր):
«Բիցեպս» վարժությունում եւս հայ մարզիկները ցույց են տվել լավագույն արդյունք: Հաղթող է ճանաչվել 110 կգ քաշային Արտյոմ Խուգոյանը՝ 75 կգ արդյունքով նաեւ աշխարհի ռեկորդ սահմանելով: Երկրորդ տեղը զբաղեցրել եւ արծաթե մեդալին արժանացել է Արթուր Ավետիսյանը, որը եւս աշխարհի ռեկորդ է սահմանել (70 կգ): Բրոնզե մեդալակիր է դարձել Կարեն Պետրոսյանը:
Երկամարտ («Պառկած սեղմում + ձգում») վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արտյոմ Խուգոյանը: Նա նաեւ աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 497.5 կգ արդյունքով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Աբսարիձեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կառլեն Անտոնյանը: Վերջինս նաեւ աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 377.5 կգ արդյունքով:
«Պառկած սեղմում» վարժությունում առաջին տեղը զբաղեցրել է Արտյոմ Սոլոյանը՝ նաեւ աշխարհի ռեկորդ սահմանելով 195 կգ արդյունքով: Արծաթե մեդալակիր է դարձել վրացի Լեւան Գորգոձեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչ, պարամարզիկ Հարություն Մխիթարյանը: Հայ մարզիկը նաեւ աշխարհի ռեկորդ է սահմանել 145 կգ արդյունքով:
Նմանօրինակ մրցաշար աշխարհում կազմակերպվել է առաջին անգամ:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Ֆուտբոլի չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ` A խմբում «Գալաթասարայ»-ը տանը կընդունի «Բավարիա»-ին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կխաղա «Կոպենհագեն»-ի հետ:
B խմբում «Սեւիլիա»-ի մրցակիցը կլինի «Արսենալ»-ը, «Լանս»-ը կխաղա «ՊՍՎ»-ի հետ:
C խմբում «Ռեալ»-ը կհյուրընկալվի «Բրագա»-ին, իսկ «Նապոլի»-ն` «Ունիոն Բեռլին»-ին:
Եվ D խմբում «Ինտեր»-ի մրցակիցը «Զալցբուրգ»-ն է (խաղի մեկնարկը՝ ժամը 20:45-ին), իսկ «Բենֆիկա»-ն ուժերը կչափի «Ռեալ Սոսիեդադ»-ի հետ:
Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
«Ամեն ինչ նույնն է, մեզ համար կարեւոր է Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր հանդիպում: Թեպետ այդքան էլ հաջող հանդես չեկանք «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ խմբային փուլում, բայց լավ խաղ ստացվեց «Բենֆիկա»-ի դեմ: Ցանկություն ունենք նույն կերպ շարունակել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի խոսքով` թիմի համար այժմ առաջնայինը ոչ թե մրցաշարային աղյուսակին նայելն է, այլ երկար ճանապարհն անցնելը:
«Անելու ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում հաղթելու համար»,-ասել է Մխիթարյանը:
«ՏՈՏԵՆՀԵՄ»-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Լոնդոնի «Տոտենհեմը» Անգլիայի պրեմիեր լիգայի առաջին 9 խաղերում ցուցադրել է լավագույն արդյունքը 1960 թվականից ի վեր։ Ավստրալացի Անգելոս Պոստոկոգլուի գլխավորած թիմը 23 միավորով (7 հաղթանակ, 2 ոչ-ոքի) գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 63 տարի առաջ «Տոտենհեմն» Անգլիայի առաջնության առաջին 9 խաղերում տարել է նույնքան հաղթանակ եւ հետագայում դարձել չեմպիոն. հաղորդում է Opta-ն։ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Տոտենհեմը» 2:0 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին»։
Անգելոս Պոստեկոգլուն այս ամռանն է գլխավորել «Տոտենհեմը»։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ
«Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն ստացել է Իտալիայի առաջնության սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Անցած ամիս 24-ամյա ֆուտբոլիստը 5 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Սեպտեմբերին «Միլանը» 2:1 հաշվով հաղթել էր «Ռոմային», 1:5 հաշվով՝ պարտվել «Ինտերին», հաղթել էր նաեւ «Վերոնային» (1:0), «Կալյարիին» (3:1) եւ «Լացիոյին» (2:0)։
9 տուրից հետո «Միլանը» 21 միավորով երկրորդն է։ Առաջատար «Ինտերն» ունի 22 միավոր։