Ոստիկանապետը պատասխանեց արմավիրցիների հարցերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այցելեց Արմավիրի մարզ և  հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:  Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց  ոստիկանի և ոստիկանության գերխնդիրը՝ օրենքին և ժողովրդին ծառայելու առաքելությունը, առանց  որի գիտակցման անհնար է արդիական կառույցի ձևավորումը:  Ոստիկանության  պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անվերապահ աշխատանքային ու կատարողական կարգապահություն, հետևողական գործնական պարապմունքներ երիտասարդ կադրերի հետ, վետերանների ներգրավում ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ ուսումնական ու դաստիարակչական գործընթացներում:  Վլադիմիր Գասպարյանը նաև կարևորեց ոստիկանության նախաձեռնողական մոտեցումը հատկապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներին: Վերլուծելով ոստիկանության մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը՝ ոստիկանության պետը նշեց առկա  թերությունները և դրանց շուտափույթ վերացման ուղղությամբ տվեց կոնկրետ հաձնարարականներ ու ցուցումներ, միևնույն ժամանակ ընդգծելով, որ արատավոր երևույթները հիմնավորապես վերացնելու գրավականը ոստիկանության ծառայողի մասնագիտական, մարդկային ու քաղաքացիական բարձր որակներն են: Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:

Ոստիկանության պետը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանք է ակնկալվում՝ իրավական աջակցություն համայնքների ղեկավարներին, համակարգված բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով, սերտ համագործակցություն մանկավարժների հետ, գյուղտեխնիկայի լրակազմի ապահովում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով և այլն: Հանդիպման ավարտին  Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց մասնակիցների հարցերին:




Լրահոս