Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Բաղրամյան 26-ում՝ նախագահի նստավայրում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում:

Հիշեցնենք, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս մայիս ամսից: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ին վերանորոգման աշխատանքները ավարտին հասցված կլինեն:

Սեպտեմբերից արդեն մեկ ամսից ավել ժամանակ է անցել, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ հարմար տեղավորված է նախագահականում ու, կարծես, միտք էլ չունի իր աշխատավայր վերադառնալ, քանի որ նախագահականում ավելի պաշտպանված ու ապահով է իրեն զգում:

Պատճառն էլ այն է, որ թե՛ ընդդիմադիրները, թե՛ տեղահանված արցախցիները, թե՛ այս իշխանություններից դժգոհ քաղաքացիները, սովորաբար, իրենց ակցիան իրականացնում են կառավարության դիմաց ու խաթարում են նրա անդորրը:

«Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանն իր գործառույթները դեռ նախագահականից է իրացնում:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ երբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում վերադառնալ իր հիմնական նստավայր, արդյոք վերանորոգումները դեռ չեն ավարտվել. «Դեռ նախագահականում է, բայց մոտ օրերս արդեն հիմնական կտեղափոխվի կառավարություն»-ասացին մեզ կառավարությունից:

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հարմարվել է Վահագն Խաչատուրյանի նստավայրում ու ձգձգում է իր տեղափոխումը, ինչը, բնականաբար, նախագահի սրտով չէ, քանի որ Փաշինյանի պատճառով ինքը «դրսում» է մնացել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս