ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժանմունքում ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 12:30-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մոտեցել են գյուղի բնակչուհի, անչափահաս Ե. Ս.-ին, որոնցից մեկը պահանջել է, որ նա իր ընտանիքի հետ ազատի իրենց վարձակալած բնակարանը: Դրանից հետո անհայտ անձանցից մեկն ամուր բռնել է անչափահաս աղջկա բազուկներից ու բռունցքով հարվածել` պատճառելով ֆիզիկական ցավ:
Տուժող Ե. Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության մարզային բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցն իրեն դատաբժշկի ուղեգիր չի տվել, ինքն իր բացատրությունը ստորագրել է առանց ընթերցելու, և ոստիկանության աշխատակիցն արձանագրել է, որ ոչ ոք իրեն չի հարվածել և չի սպառնացել: Տուժողի հայրն էլ բացատրություն է տվել այն մասին, որ իր դուստրն ու կինը ոստիկանի պահանջով ստորագրել են բացատրության դատարկ ձևաթղթի տակ:
Կատարվում է նախաքննություն: