Սերգեյ Չիչոյանի դուստրերն աշխատում են դատական համակարգում. ինչ ունեցվածք ունեն նրանք. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եզրափակելով Չիչոյանների ընտանիքի մասին պատմող շարքը՝ այս անգամ հերթը Սերգեյ Չիչոյանինն է։ Սերգեյ Չիչոյանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր է:

Ինչպես Չիչոյանի եղբայրը՝ Արմեն Չիչոյանը, ինքն էլ պակաս համբավ եւ կարիերա չունի։ Չիչոյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս եւ 1 անհատական բնակելի տուն։ Հողամասերից մեկը եւ անհատական բնակելի տունը ձեռք է բերել 2015 թվականին. դրանք գտնվում են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում։ Այդ ժամանակ Չիչոյանը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։ Մյուս 2 հողամասերը գտնվում են Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում, որոնք ձեռք են բերվել 2007 թվականին, երբ եղել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահը։ Չիչոյանը 5 անշարժ գույք է հայտարարագրել՝ 1 հողամաս, 1 ավտոտնակ, 1 անհատական բնակելի տուն, 2 հողին ամրակցված անշարժ գույք, որոնք գտնվում են Գավառ համայնքում. դրանք 90 օրից ավելի փաստացի տիրապետում է Չիչոյանը, սակայն սեփականության իրավունքով գույքերը նրան չեն պատկանում։ Ուսումնասիրելուց հասկանում ենք, որ այս գույքը 2022 թվականին Չիչոյանի մայրը՝ Օֆիկ Չիչոյանը, նվիրատվություն է արել Սերգեյ Չիչոյանի որդուն՝ Գոռ Չիչոյանին։ Չիչոյանը սեփական մեքենա չունի, սակայն շահագործում է 2011 թվականի արտադրության, Toyota մակնիշի մեքենա։

Դատավորի բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 282 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 մլն 500 հազար դրամ։ Դատավոր Չիչոյանի տարեկան եկամուտները կազմել են 32 մլն 275 հազար դրամ, որից 19 մլն 98 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտից։ Չիչոյանն ունի նաեւ հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա ընթացքում կազմել է 38 մլն 96 հազար դրամ։ Հենց այս բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար Չիչոյանը ՊԵԿ-ից եկամտահարկի վերադարձի սկզբունքով ստացել է 4 մլն 171 հազար դրամ։ Դատավորի եկամուտների մյուս մասը՝ շուրջ 8 մլն դրամը, կազմում են վարկերը։

Վարկերի մարմանն ուղղվել է 8 մլն դրամ, այնքան, որքան կազմում են վարկերի մնացորդները։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար անհրաժեշտ էր 6 ձայն: 5 ձայն ապահովել էին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար իշխող քաղաքական մեծամասնության կողմից ընտված իրավաբան-գիտնականները, իսկ մյուս մեկ ձայնը տվել է դատավոր Սերգեյ Չիչոյանը:

Ստացվում է՝ Չիչոյանի շնորհիվ՝ Գագիկ Ջհանգիրյանը կարողացավ ազատվել Ռուբեն Վարդազարյանից եւ նշանակվել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Պարզվում է, որ Չիչոյանի երկու դուստրերը դատական համակարգում են աշխատում, մասնավորապես՝ դուստրը՝ Լիլիա Չիչոյանը, դատական դեպարտամենտում՝ դատավորների ընդունելության վարչությունում, աշխատում է որպես գլխավոր մասնագետ: Չիչոյանը անգամ հարսին՝ Սոնա Խաչատրյանին է լավ տեղով ապահովել. վերջինս ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի օգնականն է։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս