Միայն ապուշը համապատասխան եզրահանգումներ չի անի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարել է, թե «Ուկրաինայի քայքայման հիմքում  տնտեսության փլուզումն էր, որի հիմնական պատճառը համատարած կոռուպցիան էր»: Նա  զգուշացրել է, որ իր երկրում կոռուպցիայի դրսեւորման ցանկացած դեպք պատժվելու է ամենայն խստությամբ, քանզի, ըստ նրա` «միայն ապուշը համապատասխան եզրահանգումներ չի անի այն ամենից, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»:

«Բատկայի»` եզրահանգումներ անելու շուրջ մտահոգություններն անհիմն չեն: Այն, որ Մայդանում ծավալվող իրադարձություններում խառն էր թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի մատը, ակնհայտ է: Սակայն անժխտելի իրողություն է եւ այն, որ ուկրաինացիների համբերության բաժակը պարզապես լցվել էր, եւ  Յանուկովիչի` եվրոասոցացումից հրաժարվելու որոշումից հետո մարդիկ այլեւս չհամակերպվեցին իրենց եւ իրենց երեխաների ապագան կոռումպացված Ռուսաստանի հետ կապելու հեռանկարի հետ: Եվ, ըստ էության, ուկրաինացիների` դեպի Եվրոպա ձգտումը մեծապես պայմանավորված էր հենց կոռուպցիայից զերծ կառավարման համակարգ ունենալու ցանկությամբ: Անգամ եթե դա արվեր նույն կոռումպացված Յանուկովիչի ձեռքով, ուկրաինացիները պատրաստ էին համակերպվել` վստահ լինելով, որ կարճ ժամանակ անց  երկրի իշխանությունները ստիպված կլինեն փոխել առկա փտած համակարգն ու այն համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:

Նույն ակնկալիքները կային նաեւ Հյաստանում, երբ շուրջ չորս տարի Սերժ Սարգսյանը բոլորին հմտորեն մոլորեցնում էր` տպավորություն ստեղծելով, թե ձգտում է եվրաինտեգրացման: Եվ այդ ողջ ընթացքում անգամ Ս. Սարգսյանի ամենաոխերիմ հակառակորդները նշում էին, որ իր բոլոր բացասական հատկանիշներով հանդերձ` նա, այդուամենայնիվ, ձգտում է դեպի եվրոպական կառավարման համակարգ:

Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո կոռուպցիայի դեմ պայքարի մասին անգամ խոսակցությունները դարձան ավելորդ. մի կողմից` ՄՄ-ում  նման պահանջներ որեւէ մեկը չի առաջադրի, մյուս կողմից ` ՀՀԿ-ի դեմ պայքարում չկա այնպիսի ուժ, որն իր գործունեության  ընթացում  թաթախված չլինի  կոռուպցիայի մեջ:

Հետեւաբար` ՀՀ-ում կոռուպցիայի դեմ կարող են պայքարել միայն նոր ստեղծվող ուժերը:

Մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս