ՖՈՏՈ․ Մարմնավորելու եմ ծանրորդ կնոջ. Զառա Սահակյանը՝ նոր մոնոներկայացման, «Բոլոլա 2»-ում նկարահանվելու եւ ապագայի ծրագրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում՝ կապված երկրում տիրող իրավիճակի լարման հետ, մշակութային կյանք վարող արտիստների զգալի մասը, եթե ոչ բոլորը, սկսեցին դադար տալ իրենց գործունեությանը: Նրանց թվում էր նաև դերասանուհի, հումորիստ Զառա Սահակյանն, ով միայն վերջերս է վերսկսել ստեղծագործական ակտիվ գործունեությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում՝ Զառան ներկայացրել է մանրամասներ, թե ինչով է այս պահին զբաղված եւ ինչ անելիքներ կան մոտ ապագայում:

«Հեռուստադիտողը առիթ ունեցավ դիտելու իմ մասնակցությամբ շատ սիրված «Բոլոլա» սիթքոմը, որում, կարծում եմ, կարողացա կերտել այն կերպարը, որն ի սկզբանե հանձն էի առել: Հավանաբար «Բոլոլան» կունենա երկրորդ եթերաշրջան: Այս պահին ներգրավված եմ նաեւ «ԿինԿոդ» ներկայացման մեջ, «Women’s club»-ում եմ շարունակում իմ գործունեությունը եւ իհարկե իմ մոնոներկայացման՝ «Զառանցանքի» նոր փոփոխված տարբերակի վրա եմ աշխատում»:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Զառանցանք» ներկայացման փոփոխված տարբերակն ունենալու է «Զառանցանք restart» անվանումը: Իմպրովիզացիաների արդյունքում՝ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի եւ սցենարիստ Արմեն Վարդանյանի հետ քննարկումից հետո որոշվել է ներկայացումը «Restart» անել, այդ իսկ պատճառով էլ հենց այդ անվանումն է ստացել այս անգամ»:

Խոսելով ներկայացման փոփոխությունների մասին՝ Զառան պատմում է, որ երկար ժամանակ է, ինչ խաղում է «Զառանցանք» ներկայացումը եւ շուրջ 14000 հանդիսատես է ունեցել:

«Ներկայացման առանցքը, հիմքը միմիայն հայ կնոջ մասին է, նրա խնդիրների, տեսակետների, մտորումների մասին է: Բայց միեւնույն ժամանակ էլ ի՞նչ հայ կին առանց տղամարդու, եւ այստեղ արդեն գալու է տղամարդու դերակատար, որի կերպարը կերտելու է հենց ներկայացման ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը: Այս ամենին շատ հետաքրքիր լուծում, համ ու հոտ է տվել սցենարիստ Արմեն Վարդանյանը, այն զրոից գրված կերպար է»:

Նոր գրված կերպար է կերտելու նաեւ հենց ինքը՝ Զառան:

«Մարմնավորելու եմ ծանրորդ կնոջ: Պատկերացրեք ինչքան բարդ է մարմնավորել այդ բնագավառի ներկայացուցիչ կնոջ հոգեվիճակը, թե ինչքան բարդ վիճակում կարող է նա հայտնվել եւ ինչերի հետ կարող է առնչվել: Իհարկե այս ամենը հումորային տեսանկյունից է դիտարկվելու: Նաեւ ունենալու ենք հումորային, երաժշտական համար, որը անակնկալ է լինելու հանդիսատեսի համար»:

Խոսելով մոտակա նախագծերի մասին՝ Զառան նշում է, որ դեռեւս հստակ կարող է ասել, որ «Բոլոլա 2» եւ «Women’s club» նախագծերում է հանդես գալու, չնայած ունի երկու այլ նախագծի առաջարկ եւս, որոնք դեռեւս քննարկման փուլում են։ Հաստատվելու դեպքում դերասանուհին կտեղեկացնի նաեւ դրանց մասին:

Մարիամ Ղազարյան




Լրահոս