Փարիզում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Հանդիպման մասին տեղեկացրել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում ընդունել է Վրաստանի կառավարության ղեկավարին։
Ըստ մամուլի ծառայության՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրահանձնաժողովի ընդունած որոշումը՝ դրական հանձնարարական տալ Եվրախորհրդին՝ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրահանձնաժողովի այս որոշումը պատմական է։ Դեկտեմբերին Վրաստանը սպասում է թեկնածուի կարգավիճակին, որը կորոշի երկրի եվրոպական ապագան։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին այս ճանապարհին ցուցաբերած աջակցության համար, ընդգծել Ֆրանսիայի՝ որպես ԵՄ առաջատար երկրի քաղաքական և գործնական աջակցության կարևորությունը և հույս հայտնել, որ այն ավելի կամրապնդվի, ինչը կօգնի Վրաստանին հաջողությամբ անցնել անդամակցության հաջորդ փուլ։
Հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին և Էմանուել Մակրոնը քննարկել են երկու երկրների համագործակցության հարցերը և դիտարկել տարբեր ոլորտներում այն խորացնելու հեռանկարները։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում և աշխարհում տիրող անվտանգային իրավիճակին։
Կողմերը քննարկել են առկա մարտահրավերները լուծելու ուղիները՝ խոսելով այն դրական դերի մասին, որ Վրաստանը կարող է խաղալ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման գործում։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին՝ Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և եվրոպական ապագայի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար և նրան հրավիրել Վրաստան։