ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ԱՃԵԼ Է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քաչարյանի՝ 2021 թվականին հայտարարագրված միանձնյա 2 բնակարանը եւ մեկ ավտոտնակը պահպանվել են 2022 թվականի հայտարարագրում: Նկատենք, որ Քոչարյանի միակ եկամտի աղբյուրը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից  որպես աշխատանքի վարձատրություն ստացած տարեկան 10 մլն 278 հազար դրամն է: Անդրանիկ Քոչարյանի հայտարարագրված որդին՝ Վազգեն Քոչարյանը, տան միակ եկամտի 60%-ով մեքենա է գնել՝ 6 մլն 230 հազար դրամ արժողությամբ, 2015 թվականի արտադրության, VOLVO մակնիշի։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Քոչարյանը նաեւ «չհայտարարագրված» եւս մեկ որդի ունի՝ Լեւոն Քոչարյանը, որին շատ արտոնյալ պայմաններով ազատել է զինվորական ծառայությունից։ Ըստ մամուլի՝ այն ժամանակ սպասել են, երբ ԲՈԿ-ը հաստատի նրա թեզը (իսկ ԲՈԿ-ը կհաստատեր), եւ Անդրանիկ Քոչարյանի տղան կազատվեր զինծառայությունից, ինչը եղավ։ Բանակի հզորացումից օրուգիշեր խոսող Անդրանիկ Քոչարյանն իր որդուն փրկել է զինծառայությունից: Քոչարյանի երիտասարդ որդին՝ Վազգեն Քոչարյանը, որը փաստացի իր հետ է բնակվում, եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը, չեն աշխատում, այսինքն՝ տան միակ կերակրողը Անդրանիկ Քոչարյանն է։ Վերջինս այնքան շռայլ է սեփական որդիների նկատմամբ, որ տարեկան եկամուտի 60%-ով  որդու՝ Վազգենի համար մեքենա է գնել։ Սա նշանակում է, որ 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել է ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։ Հարց է առաջանում, թե ինչպես է ապրել Քոչարյանի 4-հոգանոց ընտանիքը այդ չնչին գումարով: Քոչարյանի որդին, որեւէ եկամուտ չունենալով, նաեւ վարում է, ինչը ծախսեր է ենթադրում։ Քոչարյանը նաեւ ունի երկու բնակարան եւ մեկ ավտոտնակ, որոնք եւս ֆինանսներ ծախսելու որոշակի պահանջ ունեն՝ կոմունալներ եւ բնակարանի գույքահարկ։ Այսքան ծախսերը դրված է միայն աշխատավարձով ապրող Քոչարյանի ուսերին: Մամուլը նաեւ հրապարակել է կադրեր, թե ինչպես է ժամանակն անցկացնում Քոչարյանը թանկարժեք սրճարաններում եւ ռեստորաններում։ Առնվազն կասկածելի է, թե ինչ գումարներով է ապրել 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի ընտանիքը, ով է հովանավորել, ֆինանսավորել, որ ընտանեկան տարրական կարիքները բավարարեն: Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան պոզով ու պոչո՞վ է լինում: Հուսանք՝ Կոռուպցիայի կանխարգելման՝ անգործության մատնված հանձնաժողովը մեկ անգամ որեւէ ՔՊ-ական պատգամավորի գործունեություն կուսումնասիրի եւ պարզաբանումներ կուզի, թե ինչպես է գոյատեւել Անդրանիկ Քոչարյանի ողջ ընտանիքը 4 մլն դրամով:

 

 

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը, ինչպես արդեն գրել էինք, հավակնում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետի պաշտոնին։ Ուսումնասիրելով նրա հայտարարագիրը՝ ուշագրավ տեղեկություններ ենք նկատում։ Այսպիսով, Նուարդ Վարդանյանը Երեւանի քաղաքապետարանից ստանում է 65 հազար դրամ գումար՝ որպես աշխատանքի վարձատրություն, սակայն նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ։ Ականջ ծամելու պատրաստակամությամբ հայտնի ավագանու ներկայացուցիչը հայտարարագրել է կրիպտոարժույթ, սակայն հստակ չափը չի մատնանշել, միայն հայտնի է, որ 65000 դրամ համայնքային բյուջեից վճարվող ավագանու անդամը տարեվերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 1 մլն դրամ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական արենա եկած Նուարդ Վարդանյանը 2022 թվականին մի քանի օրվա տարբերությամբ 2 մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության, Ford մակնիշի։  2021 թվականի նոյեմբերի 9-ին ավագանու անդամ Վարդանյանը նվիրատվություն է ստացել 3 անշարժ գույք՝ 1 բաժնային սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն եւ 2 համատեղ սեփականությամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշենք նաեւ, որ 3 անշարժ գույքն էլ գտնվում են Կենտրոն վարչական շրջանում։ Թերեւս դժվար չէ ենթադրել, թե ովքեր կարող էին Երեւանի ավագանու քաղշինության եւ հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանին նորակառույց շենքերում բնակարաններ տալ: Ինչո՞ւ ենք այսպես կարծում. քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է շարքային երեւանցին, ստանալով ամսական 65 հազար ՀՀ դրամ վարձատրություն, մի քանի օրում 2 ավտոմեքենա գնել եւ 3 անշարժ գույք նվեր ստանալ: Հավելենք նաեւ, որ Նուարդ Վարդանյանը 2018 թվականից մինչեւ 2021 թվականը որեւէ հայտարարագիր չի ներկայացրել, որը թույլ կտար տեսնել, թե ինչ ունեցվածք ուներ Վարդանյանը ավագանու անդամ դառնալու պահին։ Երեւում է, սակայն, թե ինչեր է ձեռք բերել ավագանու անդամի կարգավիճակում: Հաջորդիվ կհրապարակենք, թե ինչ մեխանիզմով է Նուարդ Վարդանյանը նպաստել տարբեր շինթույլտվությունների հաստատմանը: Հին ու մոռացված բարքերն առավել լկտի դրսեւորումներ են ունենում հեղափոխական մեր օրերում: Հիշեցնենք, որ Նուարդ Վարդանյանը ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է, ՀՀ նախկին պետնախարար վաղամեռիկ Ժոկոյի՝ Գեւորգ Վարդանյանի դուստրը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աժ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձաժողովի անդամներին առաջարկել է Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողով կանչել Սամվել Բաբայանին։ Նաեւ տեղեկություններ են պտտվում, որ ԱԺ քննիչ հանձնաժողով պետք է կանչվեին Արայիկ Հարությունյանը եւ Ջալալ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը չկանչվեց, քանի որ Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների պատճառով ադրբեջանական գերության մեջ է։ Ջալալ Հարությունյանն առողջական խնդիրների պատճառով ամեն անգամ չի կարող գնալ ԱԺ, այդ պատճառով էլ նրա մասնակցությամբ եւս հանձնաժողովը նիստ չգումարեց։ Հիշեցնենք նաեւ, որ Սամվել Բաբայանին կանչում են Քննիչ հանձնաժողով, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ Սամվել Բաբայանը եւ Աննա Հակոբյանը հանդիպել են  Փաշինյանի տիկնոջ հրամանատարական կետում, եւ այնտեղ նրանց միչեւ ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել։ Հավելենք նաեւ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը վերջերս պասիվ գործունեություն է ծավալում։

 

 

Կառավարական կաբինետում արդեն տեւական ժամանակ է՝ սպասողական ու լարված վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ վաղուց էր գրել, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մտադիր է անգործություն ցուցաբերած նախարարներին պաշտոնանկ անել: Գրել էինք նաեւ, որ «սեւ ամպեր» են կուտակվել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխին: Բանն այն է, որ Փաշինյանը համարում է՝ այս նախարարները ողջ ընթացքում անգործություն են ցուցաբերել ու տապալել են իրենց ոլորտը: Հակոբ Սիմիդյանը, բացի շրջագայություններից, իր ոլորտում ոչինչ չի արել, Նարեկ Մկրտչյանը նույնպես տապալել է իր ոլորտը, թեեւ գեղեցիկ խոսում, նկարագրում է, հիմա էլ, մասնավորապես, բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծումներն են ձախողված համարվում, իսկ Սանոսյանը ոչ միայն անգործություն է ցուցաբերել, այլեւ նախարարությունը դարձրել է իր գյուղի ակումբը: Բանն այն է, որ Փաշինյանին այս ընթացքում դժգոհություններ են հասցրել, որ Սանոսյանը ՏԿԵ նախարարությունում իր ծանոթներին, համագյուղացիներին է տեղավորել, որոնք, առհասարակ, կապ չունեն ոլորտի հետ: Կարճ ասած, զերո պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի սեւ ցուցակում է հայտնվել նաեւ Անահիտ Ավանեսյանը, որը, սակայն, արդեն համակերպվել է, որ շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, ու ջանք էլ չի գործադրում ոլորտում աչքի ընկնելու, որեւէ բան փոխելու համար: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հեռացնել այս նախարարներին, բայց խնդիրն այն է, որ իր թիմում նրանց փոխարինողներ դեռ չի գտնում: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՔՊ-ականների մեծ մասն ընդամենը օգնականի կամ խորհրդականի պաշտոններ զբաղեցրած, աշխատանքային ոչ հարուստ փորձով, ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են: Տեխնոկրատ, բանիմաց մասնագետներն իրենց տեղը չեն գտնում պետական համակարգում. այն դեգրադացված է:

 

 

 




Լրահոս