Տեղյակ չեն ծրագրից, փորձում են ցեխ շպրտել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախարարության նկատմամբ հասարակության վստահությունն ավելացել է: Ավելին, ըստ նախարարի՝ ի տարբերություն այլ նախարարների, ովքեր իրենց համակարգի յուրաքանչյուր աշխատակցի կարող են հանձնարարական տալ, Սփյուռքի նախարարը Սփյուռքի որեւէ կառույցի կամ սփյուռքահայի հանձնարարություն տալ չի կարող: Սփյուռքի նախարարության աշխատակիցները համագործակցությամբ, զուտ մարդկային գործոնով են աշխատում:

-Տիկին Հակոբյան, «Արիտուն»  ծրագիրը, որը 2009թ. կյանքի է կոչվել, ըստ տարբեր կարծիքների, ձեւական բնույթ է կրում եւ այդքան էլ չի ծառայում իր բուն նպատակին: Բանն այն է, որ սփյուռքահայերը գալով հայրենիք եւ մասնակցելով այս ծրագրին, միանգամայն այլ պատկեր են տեսնում՝ հիասթափվելով մեր երկրի վարքուբարքից, օրենքների կիրառման մեթոդներից… Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ սփյուռքահայերի նկատմամբ մեղմ վերաբերմունք կիրառելու անհրաժեշտությունը զգան նաեւ բարձրագույն ատյաններում:

-Եթե բարձրագույն ատյաններում չզգային սփյուռքահայերի նկատմամբ ջերմ ու մարդկային վերաբերմունքը, ապա Սփյուռքի նախարարությունը չէր ստեղծվի: Բայց նախարարությունը ոչ միայն պետական մարմին է, այլեւ ազգային, հայկական, որն աշխատում է Սփյուռքի բոլոր կառույցների ու կազմակերպությունների հետ: Այլ բան է, երբ 5 տարում հնարավոր չէ 7 միլիոնի հետ աշխատել: Սակայն կարող եմ հայտարարել, որ դուք չեք գտնի մի մարդ, որն անցնող 5 տարիների ընթացքում մասնակցել է մեր բոլոր ծրագրերին եւ դժգոհ է եղել` լինեն փառատոներ, համաժողովներ, «Արի տուն» ծրագիրը, երիտասարդական միջոցառումներ եւ այլն: Նախարարության նկատմամբ մեծ ջերմություն կա, քանի որ պարզվում է՝ մեր ծրագրերին մասնակցել է եւ նա դառնում է նախարարության գործի, մեր ծրագրերի ներկայացնողը տվյալ համայնքում: Ես ձեզ հետ համամիտ եմ մի հարցում, որ, ցավոք, որոշ մարդիկ, ովքեր տեղյակ չեն բուն ծրագրից, փորձում են ծրագրի անունը շահարկել եւ ցեխ շպրտել: «Արի տուն»-ը հայրենադարձության ծրագիր չէ, 12 կամ 13 տարեկան երեխան գալիս է՝ հայրենիքը ճանաչելու, եւ ոչ թե հայրենադարձվում է, սակայն ես հավատացած եմ, որ այդ երեխաները հետագայում կվերադառնան հայրենիք:

-Սիրիահայերի դժգոհությունների ֆոնին հայ հասարակությունը սկսել է  նախարարության գործունեությանը չվստահել: Այս մասին ի՞նչ կասեք:

-Ես չեմ ընդունում ձեր արտահայտությունը «հայ հասարակություն» ասելով: Կներեք, Սփյուռքի նախարարությունը նախեւառաջ գործում եւ աշխատում է Սփյուռքի համար, այլ ոչ թե հայաստանցիների համար: Իհարկե, հայաստանցիներին մենք եւս ներգրավում ենք շատ ու շատ ծրագրերում: Ի տարբերություն ձեզ, ես դրական առումով վերաբերմունքի փոփոխություն եմ տեսնում դեպի նախարարություն: Համահայկական խոշոր կառույցները նախարարության հետ համատեղ ծրագրեր են իրականացնում , եթե չվսատահեին, վատ գնահատեին, չէին աշխատի մեզ հետ: Ես մյուս նախարարների նման հրամաններով չեմ կարող աշխատել Սփյուռքի հետ, զուտ մարդկային հարաբերությունների գործոնն է աշխատում:

-Մեզ տեղեկություններ են հասել, որ մի շարք մանկապարտեզների աշխատակիցների տնօրեններ հորդորում են, որ սփյուռքահայ երիտասարդներին իրենց բնակարաններում ժամանակավոր ապաստան տան, սակայն մանկավարժների մի մասը վատ պայմաններում ապրելու պատճառով հրաժարվել է: Հետաքրքիր է՝ եղե՞լ են գործարարներ, ովքեր իրենց պատկանող էլիտար դատարկ տներն առաջարկած լինեն սիրիահայերին՝ որպես ժամանակավոր կացարան:

-Այո, ինչու չէ: Կարող եմ ասել, որ մեր գեներալներից շատերն ամռանը երեխաներին  տանում իրենց տներում  են պահում:

-Եվ ովքե՞ր են նրանք:

-Ռազմական ոստիկանության գեներալներից մեկը ոչ միայն զույգ քույրերին տարել էր ու իր տունը պահում էր, այլ նույնիսկ «Արի տուն» ծրագրի բոլոր երեխաներին ճաշով հյուրասիրել: Կառավարության  բոլոր անդամներին խնդրում ենք, որ իրենց աշխատակիցներին հորդորեն՝ երեխաներին տանել եւ պահել իրենց տներում: Օրինակ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննը առաջարկեց «Արի տուն» ծրագրի մասնակից, մի իսպանախոս երեխա ուղարկենք իրենց տուն: Երկու տարի առաջ մի շաբաթով վարչապետի տանը սփյուռքահայ է ապրել: Շատ հետաքրքիր դեպքեր ունենք:

-Իսկ նախարարները երբեւէ տարել պահե՞լ են իրենց տանը:

-Այո, օրինակ՝ պաշտպանության նախարարը միշտ գալիս հանդիպում է: Ճիշտ է, տանը պահելու հարցով նախարարին չեմ դիմել, բայց որ գրեմ, գիտեմ՝ հաստատ որեւէ խնդիր չի լինի,  անպայման կհյուրընկալվի:

Մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս