Yandex-ը՝ հայաստանյան բուհերի ՏՏ մասնագիտացմամբ ուսանողների համար, Python-ի մեքենայական ուսուցման և տվյալների վերլուծության գործնական դասընթացներ է մշակել: Փորձնական նախագիծը մեկնարկում է Հայ-ռուսական համալսարանում: Դասընթացները նախատեսված են պրակտիկ ինժեներներին նախապատրաստելու համար, իսկ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների ուսանողներին հասանելի են արդեն աշնանային կիսամյակից:
Ցածր կուրսերի ուսանողները Python-ի դասընթացը կանցնեն Yandex-ի օնլայն ձեռնարկով, ինչպես նաև, Yandex-ի փորձագետի՝ օպերացիոն համակարգերի և տվյալների բազաների վերաբերյալ հեղինակային նյութերով:
Դասախոսներն ուսանողներին առաջադրանքներ և ստուգողական աշխատանքներ կտան, կհետևեն ուսուցման կառավարման համակարգում առաջընթացին: Բարձր կուրսերի ուսանողները մուտք կունենան Python-ի՝ Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցի (ՏՎԴ) և մեքենայական ուսուցման ծրագրերին:
«Yandex-ը գլոբալ տեխնոլոգիական ընկերություն է, որն աջակցում է գիտական ու կրթական նախագծերին այն երկրներում, որտեղ ակտիվորեն զարգացնում է իր բիզնեսը։ Մենք ձգտում ենք կիսվել մեր փորձառությամբ և փորձագիտությամբ, որպեսզի որակյալ կրթությունն առավել հասանելի դառնա։
Հայաստանն ավանդաբար ուժեղ մաթեմատիկական դպրոց է ձևավորել։ Այժմ Yandex-ի և ՏՎԴ-ի փորձագետները, համագործակցելով Հայ-ռուսական համալսարանի հետ , կարող են համաշխարհային մակարդակի մասնագետներ նախապարտաստել, որոնք պահանջարկ կունենան աշխատանքի համաշխարհային շուկայում և կկարողանան նորարարությունների հեղինակներ դառնալ», -մեկնաբանում է Yandex-ի կրթության գծով տնօրեն՝ Դարյա Կոզլովան:
«Մենք մտադիր ենք փոխշահավետ համագործակցություն զարգացնել Yandex-ի հետ։ Ընկերության կրթական նախագծերը կհամալրեն բուհական ծրագիրը և թույլ կտան համալսարանի բազայի վրա ՏՏ մասնագետների նախապատրաստումն առավել մասշտաբային դարձնել։ Ինչպես նաև, մեր ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ Yandex-ի գործող առաջատար մասնագետների հետ», -նշել է Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն՝ Արման Դարբինյանը։
Նրա խոսքով՝ Yandex ընկերության հետ համատեղ ծրագրերը նպաստում են կրթության որակի բարձրացմանը։
Տեղեկանք
Yandex-ն ավելի քան 15 տարի իրականացնում է ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին, անկախ փորձից ու տարիքից, որակյալ ՏՏ կրթություն ստանալ տարբեր ոլորտներում։ Yandex-ի առաջին նախագիծը Հայաստանում՝ Գյումրիի և Վանաձորի ծրագրավորման դպրոցները, սկսել է աշխատանքը 2017 թվականին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» (ՁԻՀ) հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում, ավագ դպրոցի աշակերտները սովորում են Python ծրագրավորման լեզուն, օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման (OOP) և տվյալների վերլուծության հիմունքները: 2023 թ. միջանկյալ տվյալներով՝ Հայաստանում ծրագրավորման դպրոցն ավարտել է ավելի քան 350 աշակերտ։
Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցն անվճար կրթական ծրագիր է նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ data science-ի առաջատար մասնագետ կամ մեծածավալ տվյալների պահպանման և մշակման համակարգերի ճարտարապետ: Դպրոցում դասավանդում են 4 ուղղությամբ՝ data science, մեքենայական ուսուցման զարգացում, մեծածավալ տվյալների ենթակառուցվածքներ ու տվյալների վերլուծություն, ինչպես նաև, արհեստական բանականություն կիրառական գիտություններում: ՏՎԴ ուսանողներն ու շրջանավարտները հիմնարար գիտական մշակումներ են իրականացնում տվյալների վերլուծության ոլորտում: Նախագիծը գործում է 2007 թվականից։