Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր և այլն, և այլն։ Այդ մասին Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի պանելային քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևայի՝ Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության հետ կապված մեղադրանքներին:

«Ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ։ Բայց, ընդհանուր առմամբ, իմ հիմնական ուղերձն այն է, ինչի մասին արդեն ասացի, եթե Ադրբեջանը վերահաստատի երեք սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցված են, դա կնշանակի մոտակա ամիսներին խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ առավել քան իրատեսական կլինի։ Եկեք առաջ շարժվենք»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը և հույս հայտնել, որ դա կստորագրվի՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա՝ 1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, 2. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ, 3. Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները:




Լրահոս