ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Երեւանում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերեւույթ խուլիգանական, բռնության գործադրման, ինչպես նաեւ հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով եւ 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Նախաքննության արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեւավորվել է քննչական խումբ։ Մեկ անձ՝ Կ.Շ.-ն, ճանաչվել էր տուժող։

Ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրից մի խումբ անձինք տարվել էին ոստիկանության բաժին, ապա՝ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում էր կայացվել՝ հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով թվով 10 անձի ձերբակալելու վերաբերյալ։

Նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ձերբակալված վերոնշյալ անձանցից երկուսը՝ Ա.Ղ.-ն եւ Ն.Ա.-ն, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մասնակցել են Երեւանի քաղաքի Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության վարչական շենքի մոտ իրականացվող հավաքին։ Տեսնելով տուժող Կ.Շ.-ին՝  քննությամբ դեռեւս հստակ չպարզված հարցի շուրջ վիճաբանել են վերջինիս հետ եւ, կապված Կ. Շ.-ի պաշտոնեական, քաղաքական գործունեության հետ, Ա.Ղ.-ն եւ Ն.Ա.-ն քննությամբ դեռեւս չպարզված անձանց հետ խմբի կազմում, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով եւ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, անտեսելով հասարակական կարգի ապահովման համար ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների ներկայությունը, մարդկանց անդորրը խախտելով, ինչպես նաեւ հարակից հատվածում գտնվող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը խոչընդոտելով, կատարել են խուլիգանություն։ Դրա ընթացքում նշված երկու անձինք, քննությամբ դեռեւս չպարզված անձանց հետ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, ձեռքերով հարվածներ են հասցրել Կ. Շ.-ին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ եւ մարմնական վնասվածքներ:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա.Ղ.-ի եւ Ն.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով (անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։

Դատարանի որոշմամբ՝ Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ Ն.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Ձերբակալված մյուս 8 անձինք արգելանքից ազատ են արձակվել։

 

 

 

 

ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

«Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատեր Կ.Գ.-ն 2017 թվականին Պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման հանձնաժողովի նախագահ, N զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, հանձնաժողովի անդամներ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի եւ պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ Պաշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար 840 դրամ: Բացի այդ, Կ.Գ.-ն պատրաստել եւ օգտագործել է կեղծ փաստաթղթեր, օժանդակել է հանձնաժողովի անդամների եւ պահեստապետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:

 

Մասնավորապես, 2017 թվականի հուլիսի 4-ին «Մոսէսքո» ՍՊ ընկերության եւ Պաշտպանության նախարարության միջեւ կնքվել է 94 մլն 320 հազար դրամով 240 տոննա հակասառիչ նյութի մատակարարման պայմանագիր: Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է սահմանված կարգով եւ ժամանակացույցով 80 հազար կիլոգրամը մատակարարել 2017 թվականի հուլիսին, իսկ 160 հազար կիլոգրամը՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակում:

Համաձայն «Մոսէսքո» ՍՊ ընկերության եւ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերի՝ վերոնշյալ պայմանագրի հիման վրա՝ «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը 2017 թվականին, իբր, մատակարարել է 240 հազար կիլոգրամ հակասառիչ նյութ, մինչդեռ «Մոսէսքո» ընկերությունը 2017 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 116 հազար 900 կիլոգրամ հակասառիչ նյութ, որից Պաշտպանության նախարարությանը մատակարարվել է 105 հազար 810 կիլոգրամը (105 հազար 810 կիլոգրամից 20 հազար 790 կիլոգրամը հետ է վերադարձվել):

«Մոսէսքո» ՍՊ ընկերությունը 2017 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում մատակարարման ենթակա հակասառիչ նյութի ձեռքբերում չի ունեցել:

Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը Պաշտպանության նախարարությանն իրականում չի մատակարարել նախատեսված 240 հազար կիլոգրամից 154 հազար 980 կիլոգրամը՝ հանձնաժողովի նախագահ, զորամասի հրամանատար Ռ.Բ.-ն,հանձնաժողովի անդամներ Ա.Պ.-ն, Ա.Ա.-ն եւ Ս.Կ.-ն, շահադիտական նպատակով կազմել եւ ստորագրել են կեղծ փաստաթղթեր՝ ընկերության կողմից զորամասին 154 հազար 980 կիլոգրամ հակասառիչ նյութ մատակարարված լինելու վերաբերյալ:

Արդյունքում Կ.Գ.-ն հանձնաժողովի նախագահ, զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, անդամներ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի եւ պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ Պաշտպանության նախարարությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 59 մլն 582 հազար 840 դրամ:

 

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Նորամարգ գյուղի 33-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում ու օգտագործում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 22-ին Մասիսի 7-րդ փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին: Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Մարիխուանայի նման զանգվածով ապակե տարա:

Տղամարդը հայտնել է, որ այն թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից: Նա նաեւ իրավապահներին հայտնել է, որ թմրանյութ ունի իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նորամարգցու տանը եւ մեքենայում: Մեքենայից հայտնաբերվել է 466 գրամ կանեփանման զանգվածով լցված տարա, իսկ բնակարանից՝ 476 գրամ կանեփանման բույսեր եւ տերեւներ, կաթուցիչներ ու հարմարեցված շիշ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

 

 

ՓՈՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ

Հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում. ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիները օդանավակայանի մեկնման սրահում գտնվող սանհանգույցում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս պատին ամրացված կախիչից գոտիով փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել. հաղորդում է Shamshyan.com-ը:

Քաղաքացիների կողմից փրկվածը Ալժիրի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Ամեր Ը.-ն է:

Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ձեւակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» գծային բաժնի քննչական բաժին:

 

 

 

 

ՄԱՀԱՑԱՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19.10-ին, Երեւանի Էրեբունու փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Հրաչիկ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս