ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՏԱՔՍԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանում կկանոնակարգվի օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը, կսահմանվի պետական տուրք, նաեւ էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

 

Փոխնախարարը նախ ներկայացրեց, որ ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները, որոնք ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղեւորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ (էկոնոմ, կոմֆորտ, բիզնես), առանց իրավական հիմքի, հարկային պարտավորության եւ վերահսկողության:

«Առկա խնդիրների կարգավորման սկիզբը դնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն: Առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության համար պետական տուրքը տարեկան 1 մլն դրամ: Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար առաջարկվում է սահմանել արտոնագրի պետական տուրք»,- ասաց Սիմոնյանը:

Պետական տուրքն անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կսահմանվի 1.5 տոկոսի չափով, 2025 թ հունվարի 1-ից՝ 2.5 տոկոսի չափով, 2026-ի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում համապատասխանաբար 2024-ին՝ 2 տոկոսի չափով, 2025-ին՝ 3.5 տոկոսի չափով, 2026-ին՝ 5 տոկոսի չափով:

Կսահմանվի էլեկտրոնային հարթակով եւ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառության եւ էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Ոլորտի իրավախախտումների դեպքում սահմանվում են վարչական պատասխանատվության միջոցներ:

«Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում առավել թափանցիկ եւ վերահսկելի կդառնա էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրումների իրականացման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնելու համար կսահմանվեն հարկային պարտավորություններ, ինչը կնպաստի պետական բյուջե մուտքերի ավելացմանը»,- ասաց փոխնախարարը:

Օրենսդրական փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերի 1-ից:

 

 




Լրահոս