ԱՆՏՈՒՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ՈՐՈՆՔ, ՄԱՆԴԱՏԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ, ՏԱՆ ՏԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ հեղափոխական իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրերը, եւ ստորեւ կներկայացնենք այն պատգամավորների ցանկը, որոնք մինչ հեղափոխությունն անտուն եւ անտանիք էին։ Հեղափոխությունից հետո, երբ արդեն ունեն ստաբիլ աշխատավարձ, գնել են բնակարաններ Երեւանի ամենաբանուկ հատվածներում եւ իրենց ծննդավայրերում։ Իհարկե, կան այնպիսիք, որ բնակարաններ գնել են ոչ իրենց անունով։

Եվ այսպես, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան – 2019 թվականին՝ Կենտրոն վարչական շրջանում: Հովիկ Աղազարյան – 2021 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է տան վարձավճարի փոխհատուցում: Մաթեւոս Ասատրյան – 2021 թվականին Աջափնյակ վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Ռուստամ Բաքոյան – 2019 թվականին՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, հայրը՝ Նոր կյանք համայնքում, նաեւ ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Վիլեն Գաբրիելյան – 2022 թվականին՝ քաղաք Երեւանում: Արփի Դավոյան – անշարժ գույքի (Երեւան քաղաքի Կենտրոնում) հիփոթեք ունի (այլ տվյալ չկա), սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Գայանե Եղիազարյան – 2022 թվականին՝ Երեւանում: Արման Եղոյան – 2020 թվականին՝ Դիլիջանում, քույրը 2018թ.-ին նվիրատվություն է ստացել բնակարան Քանաքեռ- Զեյթունում: Արսեն Թորոսյան – 2020 թվականին՝  Ծաղկաձորում, 2021 թվականին՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Արմեն Խաչատրյան – Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա, հիփոթեք (այլ տվյալ չկա): Հասմիկ Հակոբյան – 2019 թվականին՝ Նոր Նորք վարչական շրջանում: Հրաչյա Հակոբյան – 2020 թվականին՝ Ջրվեժում, 2021 թվականին՝ Ձորաղբյուրում: Վաղարշակ Հակոբյան – 2020 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Թագուհի Ղազարյան – 2022 թվականին՝ Երեւանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Սոնա Ղազարյան – 2020 թվականին՝ Առինջ գյուղում: Վահե Ղալումյան – 2021 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Արուսյակ Մանավազյան – 2020 թվականին՝ Աջափնյակ վարչական շրջանում: Էմմա Պալյան – 2022 թվականին՝ Երեւանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Մարիամ Պողոսյան – 2020 թվականին՝ Էրեբունի վարչական շրջանում: Արուսյակ Ջուլհակյան – հիփոթեք (այլ տվյալ չկա): Ռուբեն Ռուբինյան – Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ հիփոթեք (այլ տվյալ չկա): Ալեն Սիմոնյան – 2019 թվականին՝ Կենտրոն վարչական շրջանում: Լիլիթ Ստեփանյան – 2020 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Լիլիթ Մինասյան – հիփոթեք (այլ տվյալ չկա): Արեն Մկրտչյան – հիփոթեք (այլ տվյալ չկա), սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում: Ծովինար Վարդանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա): Վլադիմիր Վարդանյան – հիփոթեք՝ Արաբկիր վարչական շրջանում: Հերիքնազ Տիգրանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):

Ահա այսպես, Պարույր Սեւակը կասեր՝ մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի… ՔՊ-ական պատգամավորները ե՛ւ բնակարան են գնել, ե՛ւ շարունակում են պետությունից տան վարձի գումար ստանալ:

 

 

 

Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ: Իհարկե, ընտրություն որակել այս գործընթացն այնքան էլ տեղին չէ, քանի որ ՀՖՖ նախագահ դառնում է իշխանական հովանավորություն ունեցողը միայն: Այնուամենայնիվ, իշխանական կուլիսներում տեւական ժամանակ է, ինչ հասունանում է դժգոհություն ՀՖՖ գործող ղեկավարությունից. պատճառներից մեկը հայկական ֆուտբոլի ողբալի վիճակն է, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ պարտություններն ու ազգային թիմի, մեղմ ասած, ոչ ստաբիլ խաղը։ Շոշափվող հասարակական դժգոհության աճի ֆոնին՝ ՀՖՖ ներկա նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասոցացվում է իշխանությունների հետ. նրանց ուղեկցում է տարբեր միջոցառումների ժամանակ ու լուրջ ներկայացնում կատարած աշխատանքները, որոնք այդպես էլ արդյունք չեն տալիս ու դժվար թե տան։ Մեզ փոխանցում են, որ կուլիսներում, որպես ՀՖՖ նախագահի թեկնածու, քննարկվել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անունը: Լուրեր կան, որ նրա լոբբինգով զբաղվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս անձի թեկնածության հետագա ճակատագրի հետ կապված՝ հստակություն ներկա պահին չկա. զուգահեռ քննարկվում է նաեւ Աննա Հակոբյանի հիմնադրամի ղեկավար, Սփյուռքի կոմիտեի նախկին ղեկավար Մխիթար Հայրապետյանի անունը, ում թեկնածությունն այս պահին կարծես ավելի հավանական է։ Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե սկզբնական քննարկումներում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել Արմեն Մելիքբեկյանին փոխարինելու գաղափարին, ապա այժմ հրահանգել է սպասել, մինչեւ տեսնեն՝ հավաքականն ինչպես կավարտի «Եվրո 2024»-ի նախընտրական վերջին երկու խաղերը՝ Ուելսի ու Խորվաթիայի հավաքականների դեմ։ Պարզ է՝ ՀՖՖ նախագահի գայթակղիչ պաշտոնի հարցը կախված է իշխանությունից, ու պարզ է նաեւ, որ այդ պաշտոնին տեղավորվելու ցանկություն ունեցողները քիչ չեն հենց իշխող թիմում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում խոր, բայց դեռ լուռ անհամաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ: Միմյանց հետ խոսակցություններում քննադատում են Փաշինյանի եւ նրա հակառուսական թիմին, բայց դեռ որեւէ բան բարձրաձայն չեն ասում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ վարչության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ակտիվորեն հակառուսականության թեզ առաջ քաշել ու հանրությանը «վախեցնել», թե նախկինները ուզում են Ռուսաստանի օգնությամբ իշխանության վերադառնալ: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը գծագրել է, որ հանրությանը պետք է բացատրել՝ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է Հայաստանում իշխանության բերել նախկիններին, իսկ եվրոպական, ամերիկյան ուժերի հետ զրույցներում ՔՊ պաշտոնյաները հստակ մեսիջներ են տալիս, թե պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը կունենա նոր իշխանություն, որը կտանի երկիրը դեպի ռուսական դաշտ: Ահա այսպես «նախկին թալանչիների» թեման ռեբրենդինգ է արվել, եւ խոսվում է այն մասին, որ նախկինները եւ ռուսական ուժերը ուզում են Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը խլել: Քանի որ Արցախի Հանրապետության ընկնելուց հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են խորացել, պետք է նկատել, որ Փաշինյանի հերթական թեզը կարող է աշխատել: Այլ հարց է, որ հակառուսականության հետեւողական խորացումը կարող է ճեղքում մտցնել նաեւ հենց ՔՊ թիմում, որովհետեւ մեզ այդպիսի ահազանգեր հնչեցնում են հենց ՔՊ-ականները, ընդ որում՝ ոչ շարքային:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ազատվել է աշխատանքից։ Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Արշակյանին աշխատանքից հեռացրել են 2023 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցից հետո: Սյունիքի տեղական իշխանությունները բացատրում են, թե Հակոբ Արշակյանը ալկոհոլ է հաճախ օգտագործել, դրա համար են հեռացրել, որ երիտասարդ կադր նշանակեն, բայց իրականում մեր աղբյուները փոխանցում են, որ Հակոբ Արշակյանը ազատվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ գյուղապետն իրեն պահանջված չափով իշխանահաճո չի դրսեւորել, կոպիտ է եղել, ըստ իշխանական բացատրության՝ անհարկի արտահայտություններ է արել։ Ահա դրանից հետո էլ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը որոշել է նրան ազատել աշխատանքից։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Հակոբ Արշակյանի եւ Առուշ Առուշանյանի հետ՝ բացատրություններ ստանալու, սակայն մեր զանգերը արդեն 3 օր անպատասխան են մնում։ Այնուամենայնիվ, կապ հաստատեցինք Գորիսի համայնքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Հակոբ Արշակյանը աշխատանքից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն. ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալու»։ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկությունները շտապեց հերքել՝ ասելով, թե նման բան չկա։ Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն էլ քաղաքական ըմբոստ դիրքորոշումների համար հանիրավի բանտարկվեց  եւ բանտից դուրս գալուց հետո շարունակում է աշխատանքը որպես Գորիս համայնքի ղեկավար, բայց այլեւս քաղաքական կոշտ տեքստեր չի արտաբերում:




Լրահոս