ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին։  

 

«Ժողովուրդ» օրաթերթին ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ ցուցահանդեսում  ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում եւ արտերկրում  հրատարակված, հիմնականում օտարալեզու հայ գրականություն:

Հայկական պատվիրակության կազմում էին «Հայաստանի ազգային գրադարանի», «Արի», «Առաջին» գրական գործակալությունների, «Արի» գրականության հիմնադրամի, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունների, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները:

Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Հայ կինոյի 100-ամյակին՝ ունենալով թեմատիկ ձեւավորում:

Ազգային տաղավարով ներկայանալուց զատ, հայկական պատվիրակության ծրագրերը տարածվել են նաեւ քննարկումների եւ միջոցառումների անցկացման համար նախատեսված տարբեր տաղավարներում։

Բանախոսներն են եղել գրողներ  Արմեն Հայաստանցին, Անահիտ Ղազարյանը, թարգմանիչ Սուսաննա Եղոյանը, գերմանացի գրող,  լրագրող Լաուրա Ցվերտնիան:

Հոկտեմբերի 21-ին միջոցառումների համար նախատեսված մեկ այլ տաղավարում տեղի է ունեցել Սուսաննա Հարությունյանի «Ագռավները՝ Նոյից առաջ» գերմաներն թարգմանության շնորհանդեսը։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում հայկական լեռներում 1915-1960 թվական ներին։ Ծերունին եւ նոր ծնված տղան փախչում են 1894 թվականին Թուրքիայում Համիդյան ջարդերից եւ թաքնվում քանդված ու լքված գյուղի ավերակներում: Գյուղը շուտով ապաստան է դառնում շատերի համար, որոնք փախչում են օրենքի, իրենց ընտանիքի կամ անցյալի խնդիրներից: Գյուղացիները ողջ աշխարհից կտրված այս ապաստանում թաքնված գոյատեւում են՝ վաճառելով կամ փոխանակելով իրենց գյուղմթերքը այլ գյուղերում: Անցնում են տարիներ, եւ ծերունու փրկած երեխան դառնում է ընթերցողին քաջ հայտնի երիտասարդը՝ Հարութը։ Նա սիրահարվում է մի գեղեցիկ աղջկա, որը գյուղ է ժամանել թուրք զինվորների կողմից խոշտանգումների ենթարկվելուց հետո։ Նա հղի է, եւ գյուղի ծեր կանայք ցանկանում են ծնվելուն պես սպանել երկվորյակ աղջիկներին՝ ամոթի հետքերը մաքրելու համար…

Հոկտեմբերի 21-ին տեղի է  ունեցել  նաեւ Հովիկ Աֆյանի «Կարմիր» գրքի շնորհանդեսը /գերմաներեն լեզվով գիրքը լույս է տեսել «Կարմիրը պատերազմ է» վերնագրով/:  Գիրքը պատերազմական իրավիճակներում մարդկային կյանքի, վարք ու բարքի, անգամ գույների ընկալման մետամորֆոզների մասին է. պատերազմները փոխում են ամեն ինչ, նույնիսկ՝ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են, ամեն մեկը՝ իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում։

Միջոցառումներին ներկա են եղել ոչ միայն հայ, այլեւ հիմնականում օտարազգի ընթերցողներ, թարգմանիչներ, հրատարակիչներ։

«Տեղի ունեցած մտքերի փոխանակումները, քննարկումները թույլ են տալիս ենթադրել, որ հայկական իրականությունը գեղարվեստական   պատումների միջոցով հասանելի ու ընկալելի է Հայաստանի սահմաններից դուրս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանը 20 տարուց ավելի է, ինչ մասնակցում է Ֆրանկֆուրտի ցուցահանդեսին։

 

 

 

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ՈՒ «ՏԵԼԵԳՐԱՄ»-Ը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն տելեգրամյան ալիքով է շփումը պահում հետեւորդերի հետ: Ինստագրամյան իր էջով տարածել է տելեգրամյան ալիքի հղումը, ոմանց էլ հրավիրել է իր ալիք անձնական հղումով:

«Հարգելի՛ հետեւորդ, ողջունում եմ Ձեզ իմ տելեգրամյան ալիքում: Կարծում եմ, որ լավ տարբերակ է այստեղ կիսվել նորություններով, մտքերով, հուշերով, հաճախ նաեւ գաղտնիքներով եւ, ինչո՞ւ ոչ, հույզերով», – գրել է նա:

Ահա այսպես է մեզ ողջունում Սիմոնյանի տելեգրամյան ալիքը: Ինչ խոսք, գայթակղիչ է լսել ԱԺ նախագահի մտքերը, հուշերը եւ, առավել եւս, գաղտնիքները, սակայն այն, որ այդ մտքերից, հուշերից կամ գաղտնիքներից մեկին կծանոթանանք հենց մուտք գործելիս, անսպասելի էր:

Պարոն Սիմոնյանն ալիքը բացելիս կարծես տարակարծության մեջ է եղել՝ ի սկբանե ալիքն անվանելով Alen online, հետո հավանաբար կարծել է, թե Instagram է մուտք գործել, փոխել է Alen_Simonyan եւ, ի վերջո, գալով կարեւոր եզրահանգման՝ վճռել է ալիքն անվանել Alen Simonyan:

Այն, որ ԱԺ նախագահի գովազդն ու առաջին տպավորությունները համընկել են, գովելի է. սպասենք հերթական մտքերի, հուշերի ու գաղտնիքների փոխանակմանը:

 

 

 

 

ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ՈՒ ՍՆՈՒՓ ԴՈԳԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռեւս սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում պետք է կայանար Սնուփ Դոգի երեւանյան համերգը, որի համար պետբյուջեից հատկացվել էր 6 միլիոն դոլար: Նախատեսված համերգից օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սանձազերծեց հերթական անմարդկային գործողություններն Արցախի ու արցախցիների դեմ: Արցախահայությունը ստիպված էր բռնի կերպով լքել իր հայրենիքը, ավելի ուշ էլ՝ սեպտեմբերի 28-ին, Սամվել Շահրամանյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից այլեւս գոյություն չի ունենա:

Այս ամենի ֆոնին անհանգստության ու մտահոգության ալիք էր բարձրացրել Սնուփ Դոգի երեւանյան համերգը: Մարդիկ պահանջում էին չեղարկել այն: Համերգը կազմակերպող ընկերությունը՝ «Դոպինգ Սփեյս»-ը, հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ համերգը հետաձգվում է անորոշ ժամկետով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռեփերը գումարն ամբողջությամբ ստացել է, բայց կգա եւ «անվճար» կերգի, երբ ազատ օրեր ունենա իր գրաֆիկում:

Այս տեղեկությունից հետո բոլորին համակեց տեւական լռությունը, կարծես Հայաստանի պետբյուջեից չէ, որ հսկայական գումար է հատկացվել միջոցառման համար, որը այդպես էլ չկայացավ, եւ դեռ հարց է՝ կկայանա, թե ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին էլ բանակցություններ են ընթանում Սնուփ Դոգի հետ համերգի կայացման համար, սակայն թե ինչ արդյունքներ կտան այդ բանակցությունները, անհայտ է:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց համերգը կազմակերպող ընկերության՝ «Դոպինգ Սփեյս»-ի հիմնադիր Հայկ Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք կա հստակեցում այս մասով. «Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ. այս պահին ոչինչ հստակ ասել չեմ կարող»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ անգլիական ակումբի հետ կնքելով կարճաժամկետ պայմանագիր. հաղորդում է Sun Sport-ը։

Մանչեսթերյան թիմի կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան հունվար-փետրվարին պետք է մասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթին։ Դե Խեան կփոխարինի նրան։

32-ամյա իսպանացի խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2011-2023 թվականներին։ Անցած ամռանը Դե Խեան ու մանչեսթերյան ակումբը համաձայնության չհասան պայմանագրի երկարաձգման հարցում։ Ֆուտբոլիստն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Դե Խեան 12 տարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն (2013), Անգլիայի գավաթակիր (2016), Եվրոպայի լիգայի գավաթակիր (2017), Անգլիական լիգայի գավաթակիր (2017, 2023), Անգլիայի սուպերգավաթակիր (2012, 2014, 2017)։

 

 

 

ՀԱՂԹԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐՈՒՄ

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ`  Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն առաջին տուրում հաղթեցին:  Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ  Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը պարտություն կրեցին:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը հաղթանակ է տոնել անդրանիկ տուրում:

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի գրանցեցին մեկնարկում:

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին եւ կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից եւ անցկացվում է շվեյցարական մրցակարգով:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց եւ տղամարդկանց մրցաշարում 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։




Լրահոս